Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Բայդենը մեկնում է Եվրոպա՝ Մեծ Յոթնյակի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի վեհաժողովներին մասնակցելու: Բուն պատճառը, սակայն, կարծում եմ՝ «եվրոպական սուվերենության» ֆրանս-գերմանական մտքերն են, որոնք առաջացրել են տեղում լինելու և դրանք կառավարելու անհրաժեշտություն: Չէ՞ որ Բայդենը պաշտոնամուտից հետո Եվրամիությանը հայտնել էր, որ «ԱՄՆ-ն վերադառնում է»: Ի՞նչ «եվրոպական սուվերենություն»:
Մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահը, փաստորեն, չկարողացավ իր պայմանների դաշտ բերել Պեկինին: Սի Ցզինպինի հետ նրա երկժամյա հեռախոսազրույցը, ըստ ամենայնի, չի տվել ցանկալի արդյունք, այլապես՝ հազիվ թե հաջորդեր չին որոշ պաշտոնյաների հանդեպ պատժամիջոցի մասին որոշումը: Իսկ Չինաստանի հարցում ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն այն չէ՝ Պեկինը կօգնի՞ Ռուսաստանին, թե՞ ոչ: ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն այն է, որ Պեկինը չօգնի Ֆրանսիային ու Գերմանիային: Ինչպե՞ս պետք է օգնի: Ձևեր ու ռեգիոններ միշտ էլ կգտնվեն, կարևորը՝ ցանկություն լինի:
Իսկ գլխավոր հարցը, որ այսօր սեղանին է, ավելի քան կես միլիարդանոց եվրոպական գնողունակ շուկան է և դրա հանդեպ վերահսկողությունը»: