Տեսակետ

Չարժե՞ արդյոք աշխուժացնել աշխատանքը Վրաստանի ուղղությամբ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ադրբեջանը Լավրով-Բայրամով հեռախոսազրույցից ժամեր անց դարձյալ անջատում է Արցախի գազամատակարարումը: Այդ քայլին ուշագրավ ֆոն է հաղորդում Ալիևը, ով ամերիկա-ադրբեջանական հարաբերության 30-ամյակի առիթով նամակ է հղում Բայդենին, որտեղ դե ֆակտո առաջարկում է Նահանգներին՝ մի շարք ծառայություններ - էներգետիկայից մինչև պատերազմի հետևանքով զբաղեցրած տարածքներ, նշելով, որ Ադրբեջանը վարում է «անկախ քաղաքականություն», և հույս հայտնելով, որ ԱՄՆ-ն կաջակցի խաղաղության ադրբեջանական օրակարգին:

Նախօրեին Բայդենն էր շնորհավորական նամակ հղել Ալիևին՝ ասելով, որ ԱՄՆ-ն կաջակցի Հարավային Կովկասի ժողովրդավարությանը, «նաև՝ կշարունակի գործակցել Ադրբեջանի հետ»՝ անվտանգության հարցերում: Որքան հասկանում եմ, մեսիջը հետևյալն է՝ «քեզնից ժողովրդավարություն չենք պահանջում, եթե դու գործում ես մեր հետաքրքրությունների տրամաբանության դաշտում»:

Արցախում Ռուսաստանին առնչվող որևէ խնդիր միանգամայն կարող է լինել ԱՄՆ հետաքրքրությունների դաշտում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ուկրաինական դաշտում խտացված օրակարգը նկատելիորեն սկսում է տարածվել դեպի հարավ՝ այդ թվում Կովկաս, ինչի մասին խոսում են այս ուղղությամբ վերջին օրերի աշխուժացած շփումները:

Չարժե՞ արդյոք աշխուժացնել աշխատանքը Վրաստանի ուղղությամբ: Օրինակ, այդ ուղղությունը կարող է լինել հատուկ հանձնարարությունների գծով նորանշանակ դեսպանի առաջին գործուղումը»: