Տեսակետ

Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների

«ԼՀԿ» նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Գազային տեռորը Արցախի՞ դեմ է, թե՞ ռուս խաղաղապահների. երեկվանից այս հարցի պատասխանն եմ փնտրում, որովհետև Արցախում կրկին գազ չկա:
Սա հումանիտար ահաբեկչություն է, և Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախում ապրող մարդկանց կյանքը դժվարացնի: Առաջին հայացքից՝ սպասելի է, որ Ադրբեջանն ամեն բան անում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները ոտնահարի, լավ, բա Արցախի անվտանգությունն ապահովող ռուս խաղաղապահների գազն էլ է, չէ՞, կտրել: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ՌԴ-ից, և արդյո՞ք ՌԴ-ի՝ ռազմական գործողությունների մեջ լինելու հանգամանքն Ադրբեջանին առիթ է տալիս, որ այստեղ սադրանքներ հրահրի:  
Միջազգային հանրությունը պետք է խստիվ դատապարտի ադրբեջանական այս վարքն՝ ընդդեմ խաղաղ բնակչության, իսկ Ռուսաստանը, որի խաղաղապահների հեղինակության հետ են խաղում և առանց գազ թողնում, հստակ հետևություններ անի` Ադրբեջանի հետ վերջերս կնքած 43 կետանոց «դաշնակցային» հռչակագրի համատեքստում:
Ադրբեջանն ինքն իր դեմ է աշխատում, որովհետև ամեն բան անում է, որ միջազգային հանրությանն ապացուցի, որ իր կողմից երբեք չեն կարող հարգվել կամ, առավել ևս, ապահովվել Արցախի բնակչության՝ անգամ տարրական իրավունքները»։