Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Չուբայսը և Գայդարը երևի թե Ռուսաստանի նորագույն պատմության ամենահետաքրքիր կերպարներն են։ Երկուսն էլ ողբերգական՝ չգնահատված և իրենց հասարակությունների նզովքին արժանացած։
Այս երկուսի գործունեությանը, գրվածքներին քաջատեղյակ լինելու պարագայում կարելի է հեշտությամբ գլխի ընկնել, թե ինչի շուրջ են անհամաձայն եղել՝ միանշանակ Ռուսաստանի դեմոկրատական ապագայի։
Գայդարը վստահաբար կանխազգացել և կանխատեսել է, որ Ռուսաստանի ժողովրդավարությունը պատահական և ակնթարթային դրվագ է, ավելի շուտ՝ Ելցինի քմահաճույքով՝ ի հակադրություն Կոմունիզմի ձևավորված արժեքային խաբկանք։
Իսկ կոնֆորմիստ և ամեն մի համակարգում հեշտությամբ ինտեգրվող Չուբայսը հավատացել է, որ անկախ ամեն ինչից ռուսական իմպերիալիզմը արմատախիլ է արված և նոր սաղմնավորված ազատ շուկան և մասնավոր սեփականությունը անխուսափելիորեն հանգեցնելու են ժողովրդավարության հաղթանակին։ Նա նույնիսկ հանուն դրա գնացել է ինտելեկտուալ դավաճանության։
Իսկ հիմա Չուբայսը հասկանում է, որ սխալվել է և վստահաբար բոլորից լավ գիտակցում է, որ ներկայիս Ռուսաստանը առաջին հերթին ուղիղ հետևանքն է նաև իրենց տնտեսական ռեֆորմների, որոնք միգուցե անխուսափելի էին։
Չխորանալով մանրամասների մեջ՝ այս օրերին շատ կարևոր է շեշտադրել, որ Ռուսաստանում դեմոկրատների պարտության մեջ առանձնահատուկ մեղավորություն ունի նաև ԱՄՆ-ը, որը աջակցելու փոխարեն անընդհատ թակարդներ է լարել նրանց ձևավորած կառավարությունների դեմ։ Ավելին՝ օգտվել է առիթից և առանց այն էլ պարտված և նվաստացած տերությանը շրջապատել ՆԱՏՕ-ի բազաներով և հեռահար հրթիռներով»։