Տեսակետ

Պետք է երկրի արդիականացման իրական գործընթաց սկսել

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսաստանն ընդամենը մեկն է այն պետություններից, որոնց հետ Հայաստանը պետք է աշխատի իր պետական շահը սպասարկելու համար, բայց Ռուսաստանն ամենևին միակը չէ, և Հայաստանում պետք է փոխվի հասարակական այդ գերիշխող մտածողությունը: 
Բայց, ինչպե՞ս պետք է փոխի իշխանությունը հասարակության այդ մտածողությունը: Դա փոխելու համար պետք է պարզապես երկրի արդիականացման իրական գործընթաց սկսել և ցույց տալ, որ Հայաստանն ամենևին միայն Ռուսաստանով չէ, որ կարող է ապահովել իր անվտանգությունն ու բարեկեցությունը, որ Հայաստանը կարող է զարգանալ արևմտյան արժեհամակարգի հետ գործակցելով, իրական եվրոպական արժեքների քաղաքական ու տնտեսական ադապտացիայի շնորհիվ՝ ներգրավելով ներդրումներ թե՛ արտերկրի ներդրողների, թե՛ արտերկրում բնակվող սփյուռքահայերի կողմից: 
Այլապես, անկախությունից երեք տասնամյակ անց՝ չորրորդ տասնամյակի մուտքին Հայաստանի համար նոր հնարավորությունների և ճանապարհների փոխարեն, անխուսափելիորեն կբացվի դուռը դեպի հետ: Դրա ուղղակի փորձերը մեր աչքի առաջ են»։