Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վերջին օրերին, նաև մեր մեդիայում, լուրեր էր պտտվում, թե Վրաստանն ու Չեչնիան կապող ճանապարհ է կառուցվելու։ Գանք հերթով։
• Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանը երբեք չի դիտարկել և չի դիտարկում Չեչնիայի հետ կապող ճանապարհի շինարարության հարց։
• Ճանապարհի հնարավոր կառուցման մասին մի քանի անգամ Չեչնիայի ղեկավարն է հենց խոսել։ ՌԴ նախագահը, սակայն, 2019-ի տարեկան ասուլիսում ասել էր, որ գաղափարը նպատակահարմար է, բայց Տրանսպորտի նախարարության պլաններում չկա։
• Վրաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցություն կա միայն Կազբեկ-Վերին Լարս սահմանային անցակետով։
• Չեչնիայի կողմից դեպի Վրաստան գրունտային ճանապարհ կա, այն կառուցվում էր 1990-ականներին, սակայն 1998-ից շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ Չեչնիայում ահաբեկչական խմբավորումների ակտիվացման և հետագա պատերազմների պատճառով։
• Չեչնիայի կողմից ճանապարհը հասնում է՝ գրեթե մինչև վրացական Շաթիլի։ Վրաստանի Կախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի շրջանները սահմանակից են Չեչնիայի հետ։ Տարբեր տվյալներ կան, որ պատերազմների ժամանակ մարդիկ փորձել են հատել Վրաստանի հետ սահմանը և ապաստան գտնել հարևանների մոտ։
Դժվար չէ պատկերացնել, թե ինչու է Չեչնիան շահագրգռված, որ նման ճանապարհ գործարկվի։ Ներկայիս Ռազմավիրական ճանապարհն անցնում է Վլադիկավկազով, այսինքն՝ Հյուսիսային Օսիայով (հետո արդեն՝ Կաբարդինա-Բալկարիայով և այլ երկրամասերով): Եթե կառուցվի և շահագործվի Չեչնիայով տարբերակը, բեռնափոխադրումների մի մասը կարող է անցնել Չեչնիայով, և հանրապետությունը հնարավորություն կստանա կապող օղակ դառնալու, ինչպես նաև՝ Վրաստանի միջոցով կկապվի հարավի պետությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի։
Ինչ է անում հիմա Վրաստանը
Մեծ թափով իրականացնում է Քվեշեթի-Կոբի ճանապարհահատվածի շինարարությունը, որ եղանակային վատ պայմանների դեպքում էլ կարողանա ապահովել բեռնափոխադրումները դեպի Վերին Լարս՝ ՌԴ»։