Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«ՀՀ առաջին նախագահը, անկասկած, շատ ավելի խորն է պատկերացնում աշխարհաքաղաքական միտումները, քան հանրությանը հայտնի բոլոր գործիչները։ «Wishful thinking»-ին վերաբերող իր վերջին վերլուծությունը բավականին ճշգրիտ է արտացոլում հայկական ներկա քաղաքական և քաղաքագիտական մտքի մակարդակը։
Սակայն մեկ թեմա կա, որում իրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանին էլ «wishful thinking»-ի տարրեր են բնորոշ։ Դա Ռուսաստանի, որպես Հայաստանի համար այլընտրանք չունեցող դաշնակցի, նկատմամբ վերաբերմունքն է։ Հնարավոր է՝ դա պայմանավորված է իր նախագահության օրոք ներկայիս Ռուսաստանից տարբերվող պետության հետ գործ ունենալով։ Ենթադրելը, թե Վլադիմիր Պուտինի երկրորդ ժամկետի ավարտին Մոսկվայի հետ կստացվեր պահպանել փոխըմբռնման և փոխվստահության վրա կառուցված հարաբերություններ, ցանկալին իրականի փոխարեն ընկալելու դրսևորում է։ Ով կասկածում է, թող հարցնի, օրինակ, Նուրսուլթան Նազարբաևին։
Սերժ Սարգսյանը դա, կարծես, գիտակցում էր, սակայն իր քայլերին պակասում էին վստահությունը, հետևողականությունը, առանձին դրվագներում՝ կոմպետենտ որոշումները։ Իսկ, ամենակարևորը, իր ժամանակ քաղաքական վերնախավի մասնավոր շահերը վերջնականապես, ամբողջապես և անվերապահորեն գերակա դարձան ազգային շահերի նկատմամբ։ 2013-ին բաց թողնվեց իրավիճակը փոխելու լավագույն շանսը։
2018-ին ճակատագիրը Հայաստանին պարգևեց նորը, բայց շանսեր օգտագործելն էլ քաղաքական ղեկավարությունից որոշակի հատկանիշներ է պահանջում։ Դրա մասին լավ հեքիաթ կա»։