Տեսակետ

Ռուսաստանի համար «մահացու» պատժամիջոցները դեռ չեն կիրառվել

Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը պաշտպանության կարիք ուներ։ Միայն «ուժն է ծնում իրավունք» սխալ թեզի վկաներին կարող է թվալ, թե ով ուժեղ է, անպայման պետք է առիթից օգտվի ու հարվածի։ Ուժեղը իր ստեղծած մեխանիզմներն է գործարկում, որոնք իր օգտին են գործում, ոչ թե բռնի ուժ է գործադրում։ Եթե ԱՄՆ-ն կամ Ռուսաստանը թուլացած չլինեին, նրանք չէին խփի։ Ստեղծված մեխանիզմները բավարար կլինեին գոնե էդ երկու պետություններին (գումարած՝ Անգլիան, Ֆրանսիան ու Չինաստանը)՝ խնդիրն առանց ռազմական բախման լուծելու համար։ Եվ ուրեմն, ստեղծված մեխանիզմները վտանգի տակ են։ 
Էս առումով՝ Թրամփի «Ամերիկան՝ առաջին հերթին» կարգախոսը՝ իր ստեղծման օրվանից, ամենամեծ վտանգն էր կոնֆլիկտների հարթման միջազգային մեխանիզմների համար։ Հայաստանի նման պետությունների համար էդ մեխանիզմները կենսական անհրաժեշտություն են, քանի որ պաշտպանում են միջամտությունից և ապահովում կենսատարածքի անվտանգությունը։ Ուկրաինայում տեղի ունեցողը նաև էս դիտանկյունից պետք է նայել։ Միջազգային հարաբերությունների բնույթի փոփոխությունը ցավոտ գործընթաց է, որին պետությունները պետք է պատրաստ լինեն, իսկ մենք էս պահին պատրաստ չենք։ Հետևաբար, միջազգային քաղաքականության թատերաբեմում Բայդենի ադմինիստրացիայի հայտնվելը կարելի է ամենալավ բանը համարել, որ վերջին շրջանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Հայաստանի ու իր նման այլ երկրների, ինչպես նաև՝ նույն Ռուսաստանի համար։ Հուսանք՝ Թրամփի իրականացրած ավերածությունները հնարավոր կլինի մաքրել՝ մինչև նախագահության ավարտը։ 
Ուշագրավ է նաև, որ Ռուսաստանի համար «մահացու» պատժամիջոցները դեռ չեն կիրառվել, ու, ինչպես մյուս բոլոր դեպքերում, էս անգամ էլ՝ «շնչելու» ու պատժամիջոցները շրջանցելու տեղեր կթողնվեն։ Ամեն դեպքում, վտանգավոր է, երբ երկրագնդի համար մահացու զենք ունեցող մեկին անկյուն ես քշում ու «կյանքդ, թե քսակդ» երկընտրանքի առջև կանգնեցնում։ 2014-ի պատժամիջոցներից հետո, երբ Ռուսաստանը «իմպորտի փոխարինման» գործընթացի մասին էր հայտարարել, մի ռուս տնտեսագետ ուսումնասիրել էր ու վկայում էր, որ Ռուսաստանի ներկրման փոխարինման համար աշխատող կազմակերպությունների մեծ մասը օֆշորներում գրանցված ամերիկյան կազմակերպություններ են։ Այնպես որ, Պուտինին հաջողությամբ փոխելուց հետո էս անգամ էլ «կօգնեն վերականգվել»՝ հընթացս լավ փող աշխատելով ու Ռուսաստանին «անվերապահ» կախվածության մեջ գցելով»։