Տեսակետ

Հետխորհրդային Հայաստանում այդպես էլ չձևավորվեց պետական շահի բանաձևման ինստիտուցիոնալ միջավայրը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հանրության մի զգալի մասի մոտ միանգամայն արդարացի վրդովմունք են առաջացնում Հայաստանում իրականացվող այն ակցիաները, որոնք աջակցություն են հայտնում Ռուսաստանի ռազմարշավին՝ ընդդեմ Ուկրաինայի: Առավել վրդովեցնող է, երբ դրանց ներգրավում են երեխաների: Ընդհանրապես, երեխաների ներգրավումը որևէ ակցիայի վրդովեցնող է, անկախ՝ «դեպի որ կողմ»:
Վրդովմունքի հերթական առիթը Գյումրու ռուսական ռազմակայանի դպրոցի ակցիան էր: Այստեղ, իհարկե, խնդիրը մերը չէ: Մեր խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի քաղաքացի երեխան կարող է սովորել ՌԴ ռազմակայանի՝ ռուսաստանցի զինծառայողների համար նախատեսված դպրոցում:
Վերադառնալով ակցիային: Ինչպես հայկական համայնքները կարող են տարբեր երկրներում ակցիա իրականացնել, որը չի համապատասխանի տվյալ երկրի պետական քաղաքականությանը, այդպես էլ Հայաստանում որևէ «համայնք» կարող է անել այդպիսի ակցիա։ Հայաստանն ազատ երկիր է՝ ի տարբերություն նույն Ռուսաստանի: Իհարկե Հայաստանի հանրության մի մասին դուր չի գալիս ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիան, մեկ այլ մասի դուր չի գալիս ռուսական «Z»-ի պաշտպանության ակցիան:
Ու Հայաստանի հասարակության տարբեր մասերը իբր մինչ այդ քիչ պատճառներով ու առիթներով էին միմյանց դեմ, հիմա էլ միմյանց դեմ են հայտնվել ռուս-ուկրաինական, իսկ խոշոր առումով՝ ռուս-ամերիկյան մեծ խաղի պատճառով:
Իսկ բուն խնդիրն այն է, որ հետխորհրդային Հայաստանում այդպես էլ չձևավորվեց պետական շահի բանաձևման ինստիտուցիոնալ միջավայրը, և դաշտը մնաց առավելապես կամ «քուռ-արաքսյան» պաթոսի, կամ քվազիպետական ճառերի ներքո, որտեղ կառավարող էլիտաներն ընդամենը սպասարկում էին ընտանեկան, խմբային-կլանային շահերը:
Վերադառնալով զանազան ակցիաներին՝ նշեմ, որ, իմ կարծիքով, դրանք նշանակություն ստանում են միայն դրանց շուրջ աղմուկի շնորհիվ: Եվ հաշվարկն էլ գուցե հենց այդ է, որ կլինի աղմուկ, որովհետև եթե չի լինում այդ աղմուկը, ակցիաները մնում են իրենց կազմակերպման «մարգինալ» շրջանակում: Իսկ աղմուկը նախ թույլ է տալիս ավելի մեծ ուշադրության արժանացնել «ակցիան», և մյուսը՝ ոչ պակաս կարևորը, թույլ է տալիս «հեռակառավարել» հայաստանյան հասարակական օրակարգն ու տրամադրությունները:
Ըստ այդմ, որքան էլ, զգայականության տեսանկյունից, դժվար է զսպվելը, ռացիոնալության առումով՝ կարևոր է անտեսել այդ ակցիաները՝ ցույց տալով, որ Հայաստանի հանրությունն ունի «օրակարգային դիմադրունակություն» ու ենթակա չէ տարատեսակ մանիպուլյացիաներով հեռակառավարման:
Ի վերջո, նրանց, ում հետաքրքիր է Հայաստանի հանրային ու պետական վարքը, բոլորից լավ գիտեն, որ այդ ակցիաները «մարգինալ» են, այլ ոչ՝ համընդհանուր տրամադրության արտահայտում, և իրավիճակը չափում են ամենևին ոչ դրանցով: Ըստ այդմ, նախընտրելի է, որ մենք կենտրոնանանք Հայաստանի համար այսօր առավել կարևոր հարցերի օրակարգային շրջանակ ձևավորելու վրա: Օրինակ, ԿԲ-ն նվազեցրել է Հայաստանի տարեկան տնտեսական աճի կանխատեսումը՝ 5,3-ից իջեցնելով 1,6%: Սա է այսօր Հայաստանի գերագույն խնդիրը՝ ապահովել տնտեսական դիմադրունակություն և անել առավելագույնը՝ տնտեսական նվազագույն կորուստ ունենալու համար: Մնացյալ ամեն ինչում մեր կենսունակությունը բխելու է դրանից»: