Լրագրող Ռոբերտ Անանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Լուրջ հարց կա. ինչո՞ւ են «ազգային» բառը տասնամյակներով շահարկած բազմաթիվ մարդիկ, ուժեր, գործիչներ վերջում գալիս-հանգում այն լուծման, որ Հայաստանի փրկությունը ՌԴ-ի կազմում գտնվելն է։ Այդքան անհո՞ւյս է վիճակը, թե՞…
Թեև պետականությանը վերջ դնելու հիմնավորումները սրանց մոտ տարբերվում են, բայց ընդհանուր դետալ կա՝ գրեթե բոլոր «ազգային»-ները Հայաստանի վախճանը Ռուսաստանի կազմում են տեսնում։ Չեմ ասում՝ ԵՄ-ի կազմում տեսնեն, բայց ինչո՞ւ հենց ՌԴ-ի։
Մեկն ասում է՝ ռեգիոնում գործոն դառնալու լուծումներից մեկն է Միութենական պետությունը։ Երկրորդը, որ Արցախում կատարվածը կարմիր գիծ էր հայտարարում, այսօր վախենում է ուղիղ ասել, բայց տողատակերով հիմնավորում է, թե ինչու է իրեն Թաթարստանի նահանգապետ երևակայում։ Երրորդը, որ ամբողջ կյանքում անկախ դաշտում է գործել, պատերազմից հետո հանկարծ պարզեց, որ ինքը «ազգային» է, մյուսներն՝ ապազգային, ու այսօր ասում է՝ «կամ թուրքական վիլայեթ կդառնանք, կամ Միութենական պետությունը մեզ կփրկի»։ Չորրորդն էլ պրոֆեսոր է՝ համալսարանում սերունդներ է կրթում, ուրիշ տարբերակ չի տեսնում Հայաստանի փրկության, քան Միութենական պետությունն է։ Սրանք հայ արդի «ազգային»-ների տարատեսակներ են։
Ճակատագրի հեգնանքով՝ «ազգային» այս դեմքերը հազար ու մի պիտակ են կպցրել իրենցից գաղափարապես տարբերվողներին՝ ապազգային, ազգադավ, պետականաքանդ ևն։ Սրանց ողբերգական ընդհանրությունը սուվերեն, անկախ, չեզոք, զարգացող և արդիական Հայաստանի գաղափարին չհավատալն է։ Հարց՝ ձեր ի՞նչն է ազգային, կամ, եթե ավելի անկեղծ, ձեր անձնագիրը հայկակա՞ն է, ստուգեք, հրապարակեք՝ վերջապես հասկանանք։ Լյուստրացիա լինելո՞ւ է, թե՞ կենտրոնից եք վախենում։
«Ազգային» բառը կամ ազգայնական գաղափարախոսությունը մեղավոր չէ, որ իր ստվերում թաքնվել են Հայաստանի պետականությունը կասկածի տակ դնողները։ Սրանք «ապազգային», «հայրենադավ» և նման պիտակավորումներով փորձում են քայքայել սուվերենության, ժողովրդավարության ջատագովներին, որպեսզի պետականության վախճանը ՌԴ-ի գրկում ավելի հեշտ լինի։ Այո՛, միտումնավոր է քաղհասարակության մի ստվար հատված պիտակավորվել՝ հատկապես վերջին տարիներին։ Փորձեցին քանդել անկախական գաղափարաբանության կողմնակից պաշտպանիչ շերտը, բայց վերջում՝ կրկեսային համարների բեմադրումից հետո, ոտքներին գցեցին։ Պատվիրատուները փողերը կտրեցին, ու գնացին տուն «ազգային» տղերքը։
Ես ազգայնական գաղափարախոսության կրող չեմ, բայց անկեղծորեն հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում կձևավորվեն իսկապես հայաստանակենտրոն ազգայնական, մաքուր հայկական ծրագրավորմամբ ուժեր, որոնց նպատակը Հայաստանի սուվերենության բարձրացումն ու ամրապնդումը կլինի, ոչ թե հիմնավորումներ գտնելը, թե ինչու պիտի Հայաստանը վախճանվի Ռուսաստանի ոտքերի տակ։ Որ ոչ թե կվախեցնեն թուրքական վտանգով ու ժողովրդին հոգեխախտ կանեն, այլ լուծումներ կառաջարկեն, թե ինչպես պայքարել արտաքին վտանգների դեմ՝ պահպանելով պետականությունը։
Գիտնականներին, նաև՝ իրավապահներին, հորդորում եմ ուսումնասիրել այս թեման՝ ինչպես են արտաքին ուժերը օգտագործել «ազգային» հոսանքները, որպես հայկական պետականության կործանման գործիք։ Ինչպե՞ս է գործել ծրագրավորման, քարոզչության մեթոդը։ Ինչպես են խաղացել ժողովրդի մաքուր զգացմունքների, հայկական ինքնության դետալների հետ, ինչպես են հայ ժողովրդի իրական հերոսների անունները, հաղթանակները թմբկահարելով և շահարկելով՝ ինքնահռչակվել «ազգային» և մյուսներին համոզել դրա մեջ, որ այսօր վաճառքի հանեն պետականությունը։
Կասկած չունեմ՝ հետաքննության վերջում կհայտնաբերվի «ազգային» գաղափարաբանության գործիքներով ստրկացման սխեմավորված մոդել։
Պարտադիր չէ, որ այս շարադրանքը վերաբերի իրենց ազգային հռչակած բոլոր ուժերին»։