Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Բոլոր նրանց համար, ովքեր պնդում են, թե իշխանությունները բռնել են արցախյան հիմնախնդիրը փակելու ուղին։
Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենի և Կանադայի վարչապետ Ջ. Թրյուդոյի հետ հեռախոսազրույցներում ընդգծվում է ներքոնշյալ նախադասությունը՝ «կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»։
Սա նշանակում է՝ որքան էլ Ադրբեջանը ջանա փակել հիմնախնդիրը, այն կա, և՝ ոչ միայն հայկական կողմերի համար։ Առնվազն կա այն համոզմունքը, որ որևէ սահմանազատում/ սահմանագծում, կոմունիկացիաների բացում չի կարող դիտարկվել տարածաշրջանային կայունության և խաղաղության համար բավարար պայման, եթե այն չի զուգորդվում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմամբ։ Այլ կերպ ասած՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գրավականը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն է։ Մնացած բոլոր ճանապարհները տանում են փակուղի:
Արցախյան հիմնախնդրից «ձեռքերը լվանալու» դիրքորոշման դեպքում տրամաբանական կլիներ Ադրբեջանի հետ բանակցել/քննարկել Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերից բաղկացած, այսպես կոչված, խաղաղության փաստաթուղթը՝ դե յուրե երկկողմ (Հայաստան-Ադրբեջան), իսկ դե ֆակտո՝ քառակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա) հարթությունում։
Որքանով կհաջողվի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգի միջազգայնացման փորձերն ամրագրել միջազգայնորեն ընդունելի մանդատի/ ձևաչափի ներքո, ցույց կտա ժամանակը։
Մի բան հստակ է՝ հաշվի առնելով, թե ինչ փաստաթղթղերի հիման վրա է հայկական կողմը տեսնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները, Հայաստանը բռնել է մարդու իրավունքները, որպես գործուն միջոց, կիրարկելու ճանապարհը»։