Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ուկրաինական պատերազմը և նացիոնալիզմը (ազգայնականությունը):
Ռուսներն ասում են, որ պայքարում են նացիոնալիզմի դեմ: Օրինակ, չեն ասում, ուկրաինական ԶՈՒ-ն հարվածեց Դոնեցկին, ասում են՝ նացիոնալիստները խփեցին «Տոչկա Ու»-ով: Նույնիսկ ոչ թե ուկրաինական, այլ հենց ուղղակի՝ նացիոնալիստները: Հնչում է շատ ծանրամարս, տիպիկ սովետական ոճով: Բայց ճշմարտության հատիկ կա այդ՝ սովետը ճաշակածների համար սիրտխառնոց առաջացնող ոճի մեջ:
Շատ կարևոր է՝ ոչ թե ուկրաինական նացիոնալիստները, այլ հենց նացիոնալիստները: Ուզում ես՝ ուկրաինացի, ուզում ես՝ պապուաս, եթե դու նացիոնալիստ ես, դու գոյաբանական թշնամի ես:
Նացիոնալիզմն, իրոք, կայսրությունների միակ և իրական հակառակորդն է, անհաշտ թշնամին: Լիբերալ գլոբալիզմի հետ սովետականությունը միշտ էլ լեզու կգտնի ու միշտ գտել է: Նացիոնալիզմի հետ՝ ոչ:
Այսօր Ուկրաինայի դիմարդրության կորիզը հենց իրական նացիոնալիստներն են: Ոչ հորինովի, իսկական՝ «Ազովը» և մյուսները:
Դրանք այն տղաներն ու աղջիկներն են, որոնք, եթե մի կողմից ատում են Ռուսական կայսրությունը՝ համարելով դա Մոնղոլական Հորդա, մյուս կողմից էլ՝ զզվում են արևմտյան գլոբալիզմից ու լիբերալիզմից:
Հենց նրանք են այսօր պաշտպանության առաջին գծում, իսկ լիբերալներն ու «գրանտակերները» ստիպված են կամ ընդունել նացիոնալիզմի կարգախոսները՝ գոնե ժամանակավորապես, կամ էլ՝ փախչել եվրոպաներ՝ շառից հեռու: Որովհետև երբ երկրին վտանգ է սպառնում, մոբիլիզացնողը գրանտները չեն, այլ ազգայնականությունը:
Բայց կա հարցի ավելի լայն կողմը:
Ռուսաստանը նույնպես ստիպված է լինելու փոխվել: Ռուսաստանը չունի իրական համակարգ: Ռուսաստանի համակարգը սովետական իներցիայի ու գլոբալ ինտեգրացիայի խառնուրդ է: Ռուսական էլիտան սովորական սպառողական էլիտա է, նրանք պատրաստ չեն, հանուն ինչ-որ բարձր գաղափարների, դիմանալ արդի սպառողական հասարակությունց անջատվելուն: Համենայն դեպս, երկար:
Եվ, անկախ պատերազմի արդյունքից, պետք է արմատապես փոխվեն, որովհետև Ուկրաինան գուցե նվաճեն մի երկու ամսից, բայց մնացածը հաստատ երկու ամսում լուծելու չի: Ռուսները նույնպես պետք է դառնան նացիոնալիստ, որքանով կայսրությունը կարող է մարսել նացիոնալիզմի դոզան:
Եվրոպան նույնպես պետք է փոխվի, եթե լուրջ ընդունի իր ներկա կոնֆլիկտի աստիճանը Ռուսաստանի հետ: Իսկ ի՞նչ այլ տարբերակ ունի, եթե չընդունի: Պաշտպանության համակարգը դառնում է առաջնային: Իսկ դա նշանակում է՝ արմատական փոփոխություն արժեքներում, գաղափարներում, տնտեսությունում, քաղաքականությունում: Ու նորից՝ նացիոնալիզմ: Առկա գաղափարախոսությամբ, որը ավելի ու ավելի նմանվում է սովետական մարազմին, դա չես կառուցի:
Այսօր Եվրոպայի անվտանգությունը ակամայից պաշտպանում են ուկրաինացի նացիոնալիստները: Նրանց, իհարկե, կարող են օգտագործել և հետո նորից արտամղել լուսանցք: Բայց եթե ռուսների հետ կոնֆլիկտը ձգվի, դա այդքան հեշտ չի լինի: Եվրոպական երկրների նացիոնալիստներն այսօր նայում են Ուկրաինային: Իսկ այնտեղ տաբուներ են ջարդվում:
Նացիոնալիզմը մնում է միակ էսթետիկը, միակ ռեալիստը, միակ առնականը: Նրա ֆոնին ռուսական նեոսովետականությունն ու արևմտյան նեոլիբերալիզմը բացահայտում են իրենց կեղծ, անհամոզիչ, հակաէսթետիկ, գլուխը կորցրած, անիրատեսական էությունը»: