Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ուկրաինա ռուսական ներխուժումից օրեր անց բավականին հաճախ սկսեց հնչել միտքը, թե մենք՝ հայերս, պետք է սովորենք ուկրաինացիներից: Ընդ որում, այդ ամենն ասվում է՝ պատերազմի վերաբերյալ ունենալով ընդամենը լրահոսի տեղեկացվածություն, որտեղ անմնացորդ քարոզչական պատերազմ է: Իրականում ինչ է կատարվում 40 միլիոնանոց երկրի հանրության մոտ, դժվար է կողմնորոշվել անգամ տեղում, ուր մնաց՝ հարյուրավոր կիլոմետրեր հեռու:
Այո, ուկրաինացիները դիմադրում են համառ, անձնուրաց: Իսկ ինչ՝ հայերը չէի՞ն դիմադրում: Հայաստանում կային բազմաթիվ խնդիրներ, և դրանք մեզ համար տեսանելի էին: Իսկ գիտե՞նք՝ ինչ է կատարվում 40 միլիոնանոց Ուկրաինայում ամբողջապես, ով ումից ինչ դժգոհություն ունի, ով ում ինչ պահանջ ունի, ինչ քեն ունի, ինչ սեր ունի, ինչ հավատ ունի և այլն: Կրկնեմ՝ լրահոսը ամբողջապես քարոզչական պատերազմ է: Ընդ որում, պետք է նկատել, ուկրաինացիները այն շատ լավ են վարում, անկասկած՝ ոչ առանց արտաքին փորձառու ինստրուկտաժի:
Բայց մտածել, թե 40 միլիոնանոց հսկա երկիրը, իր պատմաքաղաքական էապես տարբեր միջավայրով, անգամ տարբեր բնույթի պատերազմով, համեմատելի է Հայաստանի հետ, ու մենք պետք է հայրենասիրություն սովորենք, ավելորդ «ինքնախարազանում» է:
Մենք պետք է ոչ թե հայրենիքի համար կյանք տալով կռիվ սովորենք, այլ սովորենք կառավարել: Ընդ որում, այդտեղ մենք Ուկրաինայից սովորելու շատ բան չունենք: Նույն կոռուպցիան է եղել, «օլիգարխատը», պարզապես՝ մասշտաբի և աշխարհագրական դիրքի այլ «էֆեկտով»: Ընդ որում, այդ էֆեկտը զգացվել է բանակի վրա ծախսի տեսքով, որ կերպարանափոխել է ուկրաինական բանակը՝ 2014-15թթ. համեմատ:
Ուկրաինային և այդ երկրի ժողովրդին պետք է կարեկցել, որովհետև, որպես պետություն, դարձավ աշխարհաքաղաքական մեծ խայծ՝ ստանալով մարդկային մեծ տառապանք ու ցավ: Կարեկցել, եթե անգամ իրենք բացարձակ անտարբեր էին մեր ցավին, որովհետև կարեկցանքն առևտուր չէ, այլ՝ մարդկային արժանիք»: