Տեսակետ

Իսրայելի միջոցով ԱՄՆ-ն կփորձի կառավարել ռուս-թուրքական հնարավոր գիծը

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իրանը միակողմանի դուրս է եկել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերության կարգավորման բանակցությունից: Մանրամասն պատճառներ առայժմ չկան: 
Վիեննայում «սառում» է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունը, որը, կարծես թե, հասնում էր ավարտին, բայց ձախողվում է՝ Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: Մեծ հաշվով, ԱՄՆ-ն և Իրանը պատրաստվում էին դրան՝ փորձելով գտնել «զուգահեռ» կոմունիկացիայի հնարավորություն: Այդ հնարավորությունը թերևս Կատարն է, որի էմիրը փետրվարի սկզբին այցելեց Վաշինգտոն ու ստացավ Բայդենի հավաստիացումը՝ ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակի առումով: Բնականաբար, այն բանի դիմաց, որ Կատարն էներգակիրների շուկայում իր վարքը կոորդինացնի Վաշինգտոնի հետ:
Ահա, դրանից հետո օրեր անց Կատար այց է կատարում Իրանի նախագահ Ռեյիսին, քննարկվում են տնտեսական լայն գործակցության հնարավորությունն ու էներգետիկ հարցերին վերաբերող համաձայնություններ: Պատկերացրեք՝ Կատարի էմիրը փետրվարի սկզբին Վաշինգտոնում ստանում է «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հիմնական դաշնակցի» կարգավիճակի մասին հավաստիացում, բայց դա չի խանգարում ԱՄՆ հետ առնչվող ամեն հարցի վերաբերյալ այդքան զգայուն Իրանի նախագահին՝ երկու շաբաթ անց հագեցած օրակարգով այցելել Կատար:
Միաժամանակ, մարտի 3-ին էլ Պուտինը հեռախոսազրույց է ունենում Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ և «բավարարությամբ» արձանագրում, որ ՍԱ-ն ՕՊԵԿ+-ի շրջանակում շարունակելու է դրսևորել ՌԴ-ի հետ ներդաշնակ վարքագիծ: Պուտինի զանգը, փաստորեն, նախորդել է ՌԴ-ի նավթի հանդեպ ամերիկյան պատժամիջոցի մասին որոշմանը:
Եվ ահա, Իրանը հարվածում է Իրաքում իսրայելական հենակետերին ու հայտարարում ՍԱ-ի հետ կարգավորման բանակցությունից դուրս գալու մասին: Իսկ ԱՄՆ-ն խիստ պասիվ է արձագանքում Իրանի հարվածներին՝ չնայած այն բանին, որ դրանք «քսվել են» նաև ամերիկյան հյուպատոսությանը: Տեսակետ կա, որ դա արվում է Իսրայելի դեմ, քանի որ Վաշինգտոնին դուր չի գալիս ռուս-ուկրաինական ուղղությամբ Իսրայելի «միջնորդական ակտիվությունը»:
Ինքս հակված եմ մտածել, որ խնդիրը Իսրայելին «պատժելը» չէ, այլ՝ Իրանին «խրախուսելը», իսկ Իսրայելին «փոխհատուցում» են հենց ուկրաինա-ռուսական ուղղությամբ ակտիվության հնարավորությամբ: Չեմ կարծում, թե դա մտահոգում է ԱՄՆ-ին: Ավելին, ըստ իս, Իսրայելի միջոցով ԱՄՆ-ն կփորձի կառավարել ռուս-թուրքական հնարավոր «գիծը»: Ի վերջո, հիշենք, որ Իսրայելում մոտ երկու տարի ձգվող խորհրդարանական ճգնաժամը, երբ չէր հաջողվում ձևավորել կառավարություն, հանգուցալուծվեց Բլինքենի այցից հետո:
Այսօր «Ուկրաինայի վրա» տեղի ունեցողը իր խորքային մասշտաբով աննախադեպ է համաշխարհային վերափոխման համատեքստում: Պետք է փորձել լինել այդ ամենին համարժեք, բացել հնարավոր բոլոր շերտերը, հասկանալ տեկտոնական շարժի միտումները,  թեև առայժմ, կարծես թե, ընդամենը Ռուսաստանի կամ Պուտինի՝ «հաղթանակ» կամ «կործանում» սպառելու ռեժիմում ենք»: