Տեսակետ

Առանց Թուրքիայի՝ Հայաստանի լիարժեք գոյությունն առնվազն կասկածելի է

Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Համացանցի հայախոս և հայագիր տիրույթում ի սպառ (բացառությունները չհաշված) բացակայում է այն գիտակցումը, որ Հայաստանի շուրջը բավականին լուրջ և վտանգավոր գործընթացներ են խմորվում։ Խաղասեղանին  է դրված հետևյալ հարցադրումը․ ինչպիսի՞ն պետք է լինի ապագայի Հայաստանի Հանրապետությունը կամ արդյոք պե՞տք է լինի, թե ո՛չ։ Վերոհիշյալ հարցադրման անբաժան ուղեկիցներն են Արցախի հայաթափման, Սյունիքի անեքսիայի սպառնալիքները։ 
Պետք է պատմական որոշում կայացնենք, և այն պարագայում, որ ընտրության հնարավորությունն էլ առանձնապես մեծ չէ․
ա/ Ապրել փակ սահմանների տրամաբանությամբ՝ հաստ պարսպով տարանջատվել Թուրքիայից և Ադրբեջանից՝ իհարկե  Ռուսաստանի միահեծան երաշխավորությամբ։ Այս թեզի կողմնակիցները պետք է պատասխանեն ընդամենը մեկ հարցի․ Ի՞նչ անել, եթե Ռուսաստանը որոշի հեռանալ տարածաշրջանից։ Հեռանա՞լ նրա հետ, թե՛ մնալ, կռվել ու մինչև վերջին մարդը զոհվել։ Կներեք, բայց ես վստահ չեմ ձեր կռվելու պատրաստակամության վրա (Վերջում էլի խրամատում տասը հոգով ենք մնալու)։ 
բ/Որպես պարտված և ջախջախված երկիր՝ ընդունել պարտության արդյունքները և փորձել հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ, հատկապես՝ Թուրքիայի։ Այս մոտեցման հետևորդները պետք է պատասխանեն երկու հարցի․ ինչպե՞ս պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կանխել Արցախի հայաթափումը։ 
Իմ համոզմամբ՝ հենց այս հարցերը պետք է քննարկվեն, բայց փոխարենը մեր հայագիր հատվածը վերստին ներքաշվել է անզուսպ կենացների, վուլգար լոզունգների, փողոցային հայհոյանքների և գործընթացները ծաղրելու արատավոր շրջափուլի մեջ։ Էս վարքագծով դուք մի օր չեք հավատալու նաև Սյունիքի կտրվելուն, ինչպես չէիք ուզում նկատել Շուշիի անկումը։ 
 Չնայած գաղտնիք չէ, և բազմիցս ներկայացրել եմ իմ մոտեցումը, բայց մի անգամ էլ նշեմ․ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների, Հայաստանի լիարժեք գոյությունը առնվազն կասկածելի է»։