Տեսակետ

Պետք է հասունություն ունենալ և դուրս գալ ծուղակից

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կարող ենք Հայաստանով, սփյուռքն էլ վրադիր՝ ամբողջ ազգուտակով կանգնել Արաքսի ափին՝ հայ-թուրքական սահմանին ու գոռալ, որ թուրքը մեր ոխերիմ թշնամին է: 
Բայց հասունություն ունենանք արձանագրելու, որ դրանից թե մեր ուժը չի ավելանալու, թե Թուրքիայի ուժը չի պակասելու: Դա այն ծուղակն է, որում մեզ պահել և պահում են հյուսիսից: Ծուղակ, որպեսզի հայկական պետականությունից այս տարածաշրջանում ոչինչ կախված չլինի, որպեսզի Հայաստանը իրենից ոչինչ չներկայացնի, ոչինչ չկարողանա փոխել։ Չփոխել ոչինչ, նշանակում է` չփոխել ռեգիոնում հաստատված նոր՝ ռուս-թուրքական աշխարհակարգի դոմինանտությունը, որը «կնքվեց» Արցախի դեմ 44-օրյա պատերազմով, իսկ հիմա ավելի ամրապնդվում է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերության հաստատման մերժումն է տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության միակ շանսը և հույսը: Միևնույն ժամանակ Ռուսաստանի այդ ներկայությունն է ռեգիոնում իր պլանները առաջ տանելու Թուրքիայի միակ հուսալի երաշխիքը, որովհետև թուրքերը գիտեն իրենց՝ ակնհայտ և համակողմանի առավելությունը Ռուսաստանի հանդեպ: 
Եթե ռեգիոնը բացվի, թուրքերի մրցակիցը այստեղ կարող են դառնալ ամերիկացիները, ֆրանսիացիները, արաբները: Սրանցից որևէ մեկի նկատմամբ Թուրքիան չունի առավելություն, իսկ Ռուսաստանի հանդեպ ունի, ուստի Թուրքիան ամեն ինչ անելու է, որ այս տարածաշրջանում իր գլխավոր մրցակիցը մնա Ռուսաստանը, ոչ թե ԱՄՆ-ը,  ԵՄ-ը կամ Չինաստանը»։