Տեսակետ

Սուբյեկտությունը պետք չի եղել ոչ մի կողմին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում ոչ ոք Ռուսաստանի դիրքերին և Ռուսաստանի հետ աշխատանքին չի հասցրել այդքան վնաս, որքան այն շրջանակների մեծամասնությունը, որոնց հենց Ռուսաստանն է ընտրել, իբրև այստեղ իր գործընկեր և իր շահերի ներկայացուցիչ: Եվ Հայաստանում ոչ ոք այդքան չի վնասել Արևմուտքի հետ Հայաստանի ռացիոնալ աշխատանքային օրակարգերի իրացմանը, որքան այն խմբերի զգալի մասը, որոնց, իբրև գործընկեր, ընտրել է Արևմուտքը:
Որովհետև երկու դեպքում էլ ռացիոնալ աշխատանքը նշանակելու էր Հայաստանի սուբյեկտության ճանաչում և նպաստում դրա ամրացմանը: Մինչդեռ այդ սուբյեկտությունը պետք չի եղել ոչ մի կողմին: Մնացյալը ընդամենը հայտարարություններ են:
Դրանից, իհարկե, թե Արևմուտքի, թե Ռուսաստանի ուղղությամբ աշխատանքային ռացիոնալ օրակարգի իրացման հասնելու՝ Հայաստանի խնդիրը ոչ միայն չի նվազում, այլև՝ դառնում է առավել սուր: Բայց ինչպե՞ս հասնել դրան, սա է գլխավորը։ Երբ, բացի Հայաստանի կենսական հետաքրքրությունից, այդ հարցում շահագրգռություն չունի որևէ այլ սուբյեկտ: Այստեղ ահռելի աշխատանք կա անելու, որի բազան պետք է ձևավորվի հենց Հայաստանում, և այդ հարցում պետք է առավելագույնս մոբիլիզացվի հայկական ռեսուրսը՝ ներսում և դրսում:
Բայց, թե ներսում, թե դրսում, ռուսամետները հաղորդակցվում են ռուսամետների հետ, արևմտամետները՝ արևմտամետների, մեդիագրագետները՝ մեդիագրագետների, անգրագետները՝ անգրագետների հետ: Էդպես խումբ-խումբ տարիներով «ջան» ասում, «ջան» ենք լսում: Չկա շրջանակից դուրս լսելու, միմյանց ասածի վրա մտածելու որևէ կոմունիկացիա: Շատ արդյունավետ և հաջող կերպով ներդրվել է որևէ տարբերվող մտքի մեջ ոչ թե իմաստ, այլ «գործակալ» փնտրելն ու վիրավորախառն, մուննաթով արձագանքելը: Եվ վերջ»: