Տեսակետ

Դատարկ աթոռներ՝ Վիեննայի բանակցությունների սեղանի շուրջ

Իրանագետ Տիգրան Դավուդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Դատարկ աթոռներ՝ Վիեննայի բանակցությունների սեղանի շուրջ։ ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Բորելը ժամեր առաջ հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցվում են Իրանի միջուկային ծրագրերի հարցով բանակցությունները։ Այսպիսով, 11 ամսվա բանակցություններն առայժմ մնացին անպտուղ։ Փորձագետների կարծիքով՝ դրան խանգարեցին Իրանի և ԱՄՆ֊ի ծայրահեղականների անիրագործելի պահանջները և Ռուսաստանի անսպասելի հայտարարությունը։ Մոսկվան, Ուկրաինայի հարցով հակառուսաստանյան պատժամիջոցների ֆոնին, ԱՄՆ֊ից երաշխիք էր պահանջել, որ, Վիեննայի բանակցությունների դրական ելքի դեպքում, Ռուսաստանը կատարյալ ազատություն կունենա Իրանի հետ առևտրատնտեսական կապեր վերսկսելու համար, և վերջին պատժամիջոցները չեն տարածվի այդ կապերի վրա։ Ռուսաստանը ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդում ունի հնարավորություն՝ ԱՄՆ-Իրան համաձայնությունը խանգարելու համար, իսկ Իրանն էլ գիտակցում է, որ, առանց Մոսկվայի համաձայնության, Վիեննայի բանակցությունները սպասված ավարտը չեն ունենա։ 
ՌԴ նախագահ Պուտինը հենց երեկ անդրադարձել էր ռուսական նավթը վենեսուելական և իրանական նավթով փոխարինելու ԱՄՆ-ի ծրագրին, իսկ այսօր Մոսկվան հաջողեց, թեկուզ ժամանակավոր, հետաձգել Իրանի էներգակիրների արտահանումը։ Իրանի ժողովուրդը Նովրուզի նախօրյակին դարձյալ հուսահատություն ապրեց և կորցրեց իր ընդերքը միջազգային շուկա հասցնելու շանսից»։