Տեսակետ

Ադրբեջանի կազմում անհնարին է պատկերացնել ղարաբաղցիների կյանքը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Նրանց, ովքեր անվերջ համեմատում են ռուս-ուկրաինական պատերազմը հայ-ադրբեջանականի հետ, նաև՝ կարծիք հայտնում, որ սա աննախադեպ դաժան պատերազմ է, և դրա պատճառով է, որ ողջ աշխարհը պաշտպանում է Ուկրաինային, պետք է ընդամենը ասել, որ անհնար է պատկերացնել իրավիճակ, որտեղ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում կարող էր մնալ տեղի բնակչությունը, ավելին՝ Արցախի դրոշներով ցույց անել Ադրբեջանի օկուպանտ իշխանությունների դեմ։ 

Հիշեցնել է պետք, որ ցանկացած մեկը, անգամ ծերերը, ովքեր մնում էին իրենց տներում, ադրբեջանական զինուժերի կողմից խոշտանգվում, գլխատվում, դաժանաբար սպանվում էին։ Ահա նաև այդ պատճառով ենք պնդում, որ Ադրբեջանի կազմում անհնարին է պատկերացնել ղարաբաղցիների կյանքը, նրա՝ անգամ նվազագույն իրավունքների հարգված լինելը:

Պատերազմը պատերազմ է, այն եղել է և կմնա դաժան՝ բոլոր առումներով և բոլոր երկրներում, սակայն երբեք չպետք է մոռանանք այն, ինչ կատարվել է Արցախում՝ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև և նրա լռության ներքո»։