Տեսակետ

Ադրբեջանը սադրում է՝ օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից, գիտակցելով, որ ողջ աշխարհի ուշադրությունն այնտեղ է, և որևէ այլ խնդիր այլ տարածաշրջանում չի կարող շեղել այդ ուշադրությունը, ամենօրյա ռեժիմով դիմում է սադրանքների. նախ՝ կրակում է Երասխի ուղղությամբ, որտեղ զոհ ու վիրավոր ունեցանք, հետո՝ կրակում Արցախի խաղաղ բնակչության ուղղությամբ և բարձրախոսով վտարում, հիմա էլ՝ թույլ չի տալիս պայթեցված գազատարը նորոգվի՝ Արցախն առանց գազի թողնելով: 
Այս այլանդակությունները դեռևս ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին եմ կանխատեսել: 
Այս պայմաններում մենք պետք է հասկանանք, որ հույսներս պետք է միայն մեզ վրա դնենք, որևէ երրորդ ուժ այս խառը աշխարհում մեր խնդիրներով չի զբաղվելու, մեր թշնամիների և հարևանների հետ մեզնից լավ չի բանակցելու և մեր շահերը չի պաշտպանելու: 
Հայ ժողովրդին այս պայմաններում մի բան է պետք՝ միասնություն ընդդեմ բոլոր մարտահրավերների և, որքան էլ որ գայթակղությունը մեծ է, չտրվել մեզ հետ կապ չունեցող աշխարհաքաղաքական օրակարգերին: Միայն այդպես կարող ենք մեր իրավունքներն ու շահերը պաշտպանել»։