Տեսակետ

Պուտինյան Ռուսաստանի հարվածները առաջինը ստանալու են նրանք, որոնք ամենաշատն էին հավատում

Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Տարօրինակ ոչինչ չկա, որ ողջամիտ մարդիկ չէին սպասում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը։ Բացառապես գեներալների համար գոյություն ունեցող, հայկականի նման՝ տասնյակ տարիներով բիզնեսի վերածված բանակով չես կարող հարձակվել Ուկրաինայի նման պաշտպանված երկրի վրա, որն, էդ ամենին գումարած, պարտությունից վիրավոր էր ու 8 տարի քո հետ արյունալի կռվի էր սպասում՝ ռևանշի մղումով։
Ի՞նչ հաշվարկներով Պուտինը նման բան որոշեց։ Թվում է՝ որպես հին մարդ, նա էլ է հեռուստատեսությանը շատ հետևել ու, ամենաաբսուրդը, հավատացել է իրենց կեղծ պրոպագանդային։ Եկեք էս պահը հիշենք, երբ Պուտինը կընկալվի որպես Ռուսաստանի հետ տեղի ունեցած ամենադժբախտ պատահարը․ նրա կենսագիրները հենց էսպես էլ բացատրելու են նրա խելահեղ քայլը։ Վերլուծական հաղորդումներ են նկարահանելու, որտեղ նրան ճանաչողներն ասելու են, թե Պուտինին էն սրիկա սոլովյովները, կիսելյովներն ու մարգարիտասիմոնյաններն են մոլորության մեջ գցել։ Այսինքն, երևույթներ, ում հենց ինքն էլ ստեղծել է։
Բայց դա կարող էր մեզ չառնչվել, եթե, իր ձևավորման առաջին օրից, Հայաստանի վերջին տասնամյակների քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ սրբազան դողով ու ճորտամիտ ակնածանքով լցված չլիներ։ Մոսկվայից քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ստանալու վազող «քաղաքական» գործիչները՝ դեռ մի կողմ։ Մեզ հետ տեղի ունեցած էս ամբողջ պատմություններից հետո դեռ մարդ կա՝ օրերս ինձ հարցնում է՝ «ինչ է, չէի՞ր ուզի՝ մենք էլ Պուտինի նման նախագահ ունենանք»։ Օրերս ՖԲ-ում մի պատանու նկար տեսա, որի հայկական ազգանվան կողքին Պուտին անունն էր։ Էդ մարդիկ Պուտինի երաշխավորած կյանքի հետևից գնացին Ռուսաստան, դիմացան նվաստացումների, որպեսզի էսօր Պուտինի մի որոշմամբ իրենց երեխաներին մատաղ անեն Ուկրաինայի ճակատներում։ Գրողը տանի, ուկրաինական ավանտյուրայի 15 օրերի ընթացքում միայն 200-250 հայազգի երիտասարդ՝ ուկրաինական գերության մեջ։ Պատկերացնում ե՞ք մեր տխմարության ծավալները։ Նրանք մեր հավաքական տգիտության ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին զոհերն են։ Տգիտություն, որի «պատվին» պետք է երկու անհեթեթ հուշարձան կանգնեցնել՝ մեկը  Երևանում, մյուսն էլ՝ Գյումրիում։ Ես վստահ եմ՝ ժամանակ է գալու, երբ Պուտին անունը լսելուց՝ ռուսները գլուխները կախելու են ու խոնարհությամբ ընդունեն իրենց վրա թափվող թուքումուրը, իսկ հայեր կլինեն, որ երանությամբ կհիշեն էդ «փառահեղ» ժամանակները։
Ադրբեջանը էսօր, երեկ, առաջին օրը փորձում է ու, հավանաբար, նաև վաղը կփորձի Արցախում տեղակայված «խաղաղապահ» ուժերի տրամադրությունները։ Մեր պատմական փորձը հուշում է, որ Ռուսաստանը հեշտությամբ զոհում է հայկականի հետ համատեղվող իր շահերը՝ հանուն արևմտյան ճակատի համեմատական անվտանգության։ Պուտինյան Ռուսաստանի հարվածները առաջինը ստանալու են նրանք, որոնք ամենաշատն էին հավատում վերջինիս։ Պուտինի խելագար քայլերի ամբողջ հարվածն ու նրա անփառունակ վախճանը, էս դեպքում, առաջինն իրենք են զգալու։ Եվ պարտադիր չի, որ Պուտինը միայն պարտվելու դեպքում Արցախում իր շահերը զոհի։ Նա կարող է Արցախը նվիրել, միայն թե էս պահին վտանգ չզգա այլ ճակատից, ինչի մասին արդեն քանի օր է՝ ռազմական միջամտությամբ ակնարկում է Ադրբեջանը։ Ասել, որ էս ամենը ցավալի է, նշանակում է ոչինչ չասել»։