Գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Սովետական կարծրատիպ է, թե մտավորականությունը առաջադեմ գաղափարների կրող է և օրհասական պահերին առաջնորդում է ժողովրդին՝ իրագործելու իր նվիրական նպատակները:
Սովետական մտավորականությունը, այդ մտավորականության, այսպես ասած, «սերուցքը», այլ կերպ ասած՝ «վերին արտի ցորեն» պալատական մտավորականությունը միշտ եղել է սովետական իշխանության կամակատարը, առնվազն՝ համախոհը:
Եղել են, իհարկե, բացառություններ, և այդ բացառություններին այդ «վերին արտի ցորեն», այդ պալատական մտավորականությունը վտարել է իր շարքերից ու հայտարարել ժողովրդի թշնամի...
Սովետական այդ մտավորականության սերուցքը, ես կասեի՝ թերմացքը, 90-ականներին, բնականաբար, պիտի դեմ լիներ ցանկացած առաջադեմ գաղափարի:
Ի՞նչ կա զարմանալի, ուրեմն, այդ դանթած ու խավարամիտ խավի, այդ աղանդի ու նրա հետնորդների՝ այսօրվա վարքի մեջ:
Ի՞նչ էիք ակնկալում նրանցից, որ չեն տվել:
Մի՞թե իրատեսական էր և կամ իրատեսական է նրանցից ինչ-որ բան ակնկալելը:
Եվ մի՞թե իրատեսական է՝ նրանցից աջակցություն չստանալը դարձնել բացատրություն կամ պատճառաբանություն՝ մեր ձախողումների համար»: