Տեսակետ

Թանկացումները ահռելի չափերի են հասնելու

Թանկացումները ահռելի չափերի են հասնելու

Կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱՄՆ-ն արգելեց ռուսական նավթամթերքի մուտքը երկիր: Վառելիքի շուկան արդեն արձագանքեց սրան․ գները բարձրանում են: Մինչ այս սահմանափակումները՝ վառելիքի գները վերջին շրջանում, հիմնականում համավարակով պայմանավորված, շատ էին բարձրացել: ԱՄՆ-ում մեկ լիտր ռեգուլյար բենզինի գինը հիմա ավելի բարձր է, քան Հայաստանում, իսկ Կալիֆորնիայում դրա մեկ լիտրի գինը վերջին օրերին 700 դրամից ավելին է:
2021-ին ՌԴ-ից ԱՄՆ ներկրումները կազմել են շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ 2020-ին՝ 17 միլիարդ: Այս ներկրման մեծ մասը բաժին է ընկնում վառելիքին: ԱՄՆ կողմից նավթի ներկրման ողջ ծավալի միայն 3,5%-ն (2021թ․) է գալիս ՌԴ-ից։ Այնուամենայնիվ, այս սահմանափակման արդյունքում գները կբարձրանան:
Հարկ է նշել, որ ԵՄ կողմից նավթի ներկրման շուրջ ¼-ը ՌԴ-ից է, և եթե սահմանափակումներ լինեն, ապա ԵՄ-ում ոչ միայն վառելիքի, այլև՝ բոլոր ապրանքների գները ահռելի չափով կբարձրանան: Բրիտանիան արդեն հայտարարել է ՌԴ-ից նավթ գնելու սահմանափակումների մասին, որոշ եվրոպական երկրներ նույնը կանեն: ՌԴ-ից նավթի արտահանումը կազմում է աշխարհի նավթի պահանջարկի շուրջ 10%-ը, և ՌԴ-ին միջազգային շուկայից հանելով՝ աշխարհը միջնաժամկետ հատվածում մեծ խնդիրների առաջ է կանգնելու: 
Դե իհարկե, ՌԴ-ն նույնպես այս սահմանափակումներից շատ մեծ, ահռելի վնասներ է կրելու: 
Իսկ մենք ինչ կապ ունենք:
Այս ամենը հանգեցնելու է Հայաստանում ևս գների բարձրացմանը, եթե նույնիսկ վառելիքի գինը այս պահի եղած գնից չբարձրանա (դիցուք, նույնիսկ եթե ՌԴ-ից էժան գնենք), ապա լայն սպառման ապրանքների գները կբարձրանան, հատկապես՝ սննդինը: Մենք սննդի արտադրության առումով ինքնաբավ երկիր չենք, նույնիսկ մոտ էլ չենք դրան: Ցորենի գները, այս պատերազմով և նավթի գների աճով պայմանավորված, նույնպես բարձրանում են, սրան գումարած՝ Հայաստանը պարտված պատերազմում կորցրեց տարածքներ, որտեղից նաև ցորեն էր գալիս: Այս ամենով հանդերձ՝ մենք կրկնակի ավելին ներմուծում ենք, քան արտահանում, ինչը նշանակում է՝ դրսից երկող ապրանքները մեզ համար ավելի թանկ են դառնալու: Նաև՝ ԱՄՆ դոլար-դրամ փոխարժեքի բարձրացմամբ ու դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ թանկացումները ահռելի չափերի են հասնելու:  
Այս ամենը մարդկանց կյանքն է՛լ ավելի է բարդացնելու։
Մեր աչքի առջև աշխարհում մինչ այս՝ երկրորդ համաշխարհայինից հետո, եղած կարգերը քարուքանդ են լինում: Արևմտյան աշխարհի սահմանած խաղի կանոնները մեծ փորձության մեջ են, և, հավանական է, դրանք վերափոխվեն, իսկ դրա համար աշխարհը պիտի նոր ճգնաժամերի միջով անցնի, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքեր են տանելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական