ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանում Z նշանը անգիտակից շրջանառողների համար։
Դա ամենևին արդարության մարտիկ Զորրոյի Z տառը չէ, ոչ էլ՝ ռուսական բանակն է Ուկրաինայում Զորրոյի կերպարով։
Վ. Պուտինը ուկրաինական ներխուժման երկու «ոչ չափելի» նպատակ է նշել, որոնցից մեկը «դենացիֆիկացիա»-ն է (Ուկրաինայում «նացիզմն» արմատախիլ անելը)։ Այդ տառն է դաջված նաև Ուկրաինայում ռուսական ռազմական տեխնիկայի վրա՝ V («victory»-հաղթանակ) տառի հետ միասին։ Նացիզմի սվաստիկան երկու Z-երից ստացվող խաչն է, ասել է թե՝ Ուկրաինան կազմաքանդելու ու ապամոնտաժելու են՝ մինչև վերջին Z-ը, որը, ճակատագրի հեգնանքով, համընկնում է Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկու ազգանվան առաջին տառի հետ։ Կոպիտ ասած՝ այդ ամենից Z տառն է մնալու։
Ես չգիտեմ՝ որքան մարդ է ծանոթ ռուսական սոցիալ-հոգեբանական դպրոցներին, մետաֆիզիկական, իռացիոնալ տեսություններին, բայց Ռուսաստանը շատ խորը երկիր է, գիտական դպրոցներ ունի, որոնք ամենևին Ֆեյսբուքում չեն։ Երբ կարդաք դրանցից որոշները, կհասկանաք, թե որքան բարդ է ամեն ինչ։
Հայաստանի պետականությունն ատող որոշ երևույթներ, որոնք իրենց հրապարակայնորեն անվանում են «советский человек»՝ առանց ազգության կարևորման, շրջանառության մեջ են դրել մի կասկածահարույց տեսահոլովակ, իբր Հայաստանում մարտի 8-ը նշել են՝ Երևանում Z տառը պատկերող գիշերային լուսային շոուով։ Սա բացարձակ սադրանք է՝ «դենացիֆիկացիայի» դիսկուրսը նաև Հայաստան բերելու համար։
Միայն կարճամիտին կարող է թվալ, թե դա ընդամենը ուկրաինական պատերազմում որևէ (տվյալ դեպքում՝ ռուսական) կողմի օգտին համակրանքի դրսևորում է։
Հետևանքներն ավելի ծանր կարող են լինել, քան պատկերացնում եք։ Ահա թե ինչու․
Կարճաժամկետ կտրվածքով.
1. այս պատերազմում Հայաստանը պաշտոնապես, իսկ հայ հասարակությունը՝ իր մեծամասնության մեջ, որդեգրել է չեզոք դիրքորոշում։ Դա, հավատացեք, այլընտրանք չունի։ Եվ ահա, փորձում են, նման ֆլեշմոբ ներմուծելու միջոցով, կոտրել ներհասարակական կոնսենսուսը, որը մեզ մոտեցնելու է պատժամիջոցների դաշտին։ Նրանք, ովքեր դա անում են, պետք է գիտակցեն հետևանքները։
2. ուրիշի պատերազմը սեփական տարածք տեղափոխելը հղի է լրջագույն հետևանքներով, և, առաջին հերթին, հասարակությունը ևս մեկ՝ բացարձակապես ոչ մեր խնդրով, պառակտելու, միասնականությունը փլուզելու ռիսկով։ Հիշեք, թե ինչ արեց Մոսկվան հայ-ադրբեջանական «ծիրանային» պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանցիներին ու հայերին բառացի ասաց՝ «ձեր կոնֆլիկտը իմ տարածք չտեղափոխեք»։ Եվ, հավատացեք, Ռուսաստանը ճիշտ արեց՝ գիտակցելով դրա հետևանքները։ Հիմա, նույնկերպ, մենք չպետք է թույլ տանք ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կամ Արևմուտք-Ռուսաստան կոնֆլիկտի տեղափոխումը մեր տարածք։ Այս առումով՝ վերին աստիճանի մտահոգիչ է, որ Հայաստանում Z-ի ֆլեշմոբի անոնսը տրվել է հայկական ազգանունով երկու ռուսի՝ Մարգարիտա Սիմոնյանի ու Սարիկ Անդրեասյանի միջոցով...
Միջնաժամկետ կտրվածքով.
«Դենացիֆիկացիայի» Z կոնցեպտը Հայաստանում շրջանառողները պետք է հիշեն ռուսական որոշ շրջանակների վերաբերմունքը կոնկրետ Գարեգին Նժդեհին։ Ձեր ձեռքերով այդ կոնցեպտը Հայաստան բերելը նշանակելու է ոչ հեռու ապագայում Նժդեհի արձանի, ուսմունքի վրա նրանց բերել։ Չեմ չափազանցնում, այլ զգուշացնում եմ, թե մինչև ուր է տարածվելու «դենացիֆիկացիայի դեմ պայքարի» կոնցեպտը, եթե միջավայր ապահովվի։ Իսկ դրա սկիզբը Z-ն է։
Երկարաժամկետ կտրվածքով․
«Դենացիֆիկացիայի» կոնցեպտի լիակատար ծավալումը բերելու է նրան, որ ցանկացած անկախական, ազգայնական շարժում կամ երևույթ որակվելու է որպես նացիզմ՝ հայկական տարբերակով, ու բարձրացվի զոհասեղան։
Հուսամ՝ ողջամտությունն ու հեռատեսությունը կհաղթեն անուղեղությանը։
Մենք դեռ խորապես չենք գիտակցում շատ բաների պատճառահետևանքային կապն ու այն, թե որքան վատ բան են արել Սարիկն ու Մարգոն։
Առողջ եղեք»։