Տնտեսագետ Կարեն Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ թանկացման։ Նախևառաջ, երկրները, ապագա անորոշություններից դրդված, մեծացնում են ռազմավարական պահուստները, ինչը հավելյալ պահանջարկ է ձևավորում, որն առանց այն էլ զգալիորեն գերազանցում էր առաջարկի ծավալը։ Բացի այդ՝ բարձրացել է տեղափոխման ծախսերը, մասնավորապես՝ Սևծովյան հատվածում։ Ներկա պահին Brent մակնիշի նավթի շուկայական գինը արդեն 125$ է, WTI-ինը՝ 121$։
OPEC+-ի՝ մարտի 2-ին կայացած հերթական հանդիպումը որևէ նոր բան չտվեց․ կողմերը, նախկին պայմանավորվածության համաձայն, ավելացնելու են նավթի ծավալներն՝ օրական 400 հազար բարելի չափով, որը դեռևս չի բավարարի շուկայում ձևավորված հավելյալ պահանջարկը։ Նավթի առաջարկի ավելացմանը կնպաստեր, օրինակ, Իրանի նավթի վաճառքի սահմանափակման վերացումը, սակայն վերջինս մոտ ամիսներին դժվար թե սպասվի՝ միջուկային անվտանգության շուրջ դեռևս ընթացող գործընթացներով պայմանավորված։
Նավթի բարձր գնանշումների ֆոնին ռուսական նավթից հրաժարվելու՝ Կանադայի որոշումը և դրան հաջորդած՝ ԱՄՆ-ում նման սահմանափակման հնարավոր կիրառումը, որն արդեն իսկ քննարկվում է երկրի օրենսդիրների շրջանում, հանգեցնելու է նավթի միջազգային գների՝ ավելի արագ տեմպերով բարձրացմանը։
Մի կողմից ԱՄՆ նախագահը կոչ է անում ավելացնել նավթի շուկայում առաջարկի ծավալները, որպեսզի գները նվազեն, մյուս կողմից էլ՝ ռուսական նավթի նկատմամբ արգելքի կիրառումը կնպաստի դրա՝ է՛լ ավելի աճին։ Ներկա դրությամբ՝ ամերիկյան ներքին շուկայում վառելիքի գների կտրուկ թանկացումը հանգեցրել է բնակչության մոտ դժգոհությունների մեծ ալիքի, որը լուրջ վնասում է Բայդենի վարկանիշին։ Վերջինս խոստացել է ամեն կերպ նպաստել նավթի գների նվազեցմանը և, այդ համատեքստում, բոլորովին վերջերս կարգադրել էր 60 մլն բարելի չափով վաճառք իրականացնել ներքին պահուստներից՝ կոչ անելով մյուս երկրներին՝ հետևել այդ օրինակին։ Սակայն, ուկրաինական հակամարտությունը լիովին փոխեց իրավիճակը։ Նավթի գները մոտենում են ընդհուպ 130$-ի շեմին և, այնուհետ, հնարավոր է հասնեն մինչև 150$ և ավել։
Իսկ էներգակիրների բարձր գները հանգեցնում են այլ ապրանքների գների աճին, ինչը կհանգեցնի գնաճի՝ առանց այն էլ բարձր տեմպերի ավելի արագ աճին։ Արդյունքում, համաշխարհային տնտեսությունը կարող է մոտ ժամանակներս հայտնվել նոր տնտեսական ճգնաժամի մեջ, ինչին կարող է գումարվել նաև Ռուսաստանի նկատմամբ ֆինանսական սանկցիաների արդյունքում հնարավոր ֆինանսական ճգնաժամի սցենարը»։