Տեսակետ

Ռազմավարական սխալ, որը հանգեցրեց խելահեղ պատերազմի

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Հաճախ է տեսակետ հնչում, որ Ուկրաինայում, անգամ ռազմական հաղթանակի պարագայում, Ռուսաստանը, ռազմավարական իմաստով, կլինի պարտված:
Մի քիչ համաձայն չեմ: Ռուսաստանը ոչ թե ռազմավարական առումով կլինի պարտված, այլ արդեն իսկ պարտված է, և հենց դրա հետևանքով է, որ իրավիճակը հանգեցրեց Ուկրաինայի դեմ այս խելահեղ պատերազմին: 
Ավելին, Ռուսաստանի՝ ռազմավարական առումով պարտված լինելու ցուցիչ ու հետևանք էր նաև 44-օրյա պատերազմը, որովհետև միայն ռազմավարական առումով պարտվածը կարող էր թույլ տալ Թուրքիային՝ «անցնել» Արաքսն ու, իր ռազմավարական դաշնակից համարվող սուբյեկտի նկատմամբ ռազմական հաղթանակով, կիսել իր կենսական շահերի գոտին՝ Կովկասը: 
Իսկ Ռուսաստանի ռազմավարական պարտությունը սկսվեց այն ժամանակ, երբ նախագահ Պուտինի գլխավորությամբ ընտրվեց Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի հետ առճակատվելու կուրսը՝ չունենալով դրա համար բավարար ռազմա-քաղաքական և տնտեսա-տեխնոլոգիական ռեսուրս: Երբ հավակնությունդ գերազանցում է համարժեք ռեսուրսային բազադ, դա արդեն պարտություն է, որը կարող է ձգվել կամ տարրալուծվել ժամանակի և տարածության մեջ, բայց դրանից չի փոխվում էությունը:
Ռազմավարական պարտության ակոսից դուրս գալու մղումով է թերևս Պուտինը գնացել ուկրաինական «վա-բանկին»: Կստացվի՞, թե՞ ոչ: Կախված է ոչ միայն Ռուսաստանից»: