ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մարդասիրական օգնության խմբաքանակ է փոխանցել Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին:
Ժամեր առաջ ՌԴ ՊՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված էր՝ «Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակչության համար Սիրիայից բերվել է 50 տոննա սննդամթերք, Լեռնային Ղարաբաղից՝ 14 տոննա առաջին անհրաժեշտության իրեր»:
Այս հաղորդագրությունից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ հերթական սպառնալից և սադրիչ հայտարարությամբ, որտեղ ասվում է՝ «Ռուսաստանի ՊՆ-ի կողմից Ուկրաինա ուղարկվող մարդասիրական օգնության համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումն անթույլատրելի է։ Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչատարածքային միավոր չկա: Ադրբեջանի ՊՆ-ն ընդգծում է, որ նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին և հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը»:
Ի՞նչ է սա, եթե ոչ Ադրբեջանի կողմից ուղիղ սպառնալիք Արցախի խաղաղ բնակիչների անվտանգությունը երաշխավորող ռուս խաղաղապահների նկատմամբ»։