«Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Միքայել Նահապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանը՝ սլավոնական այս բորշի մեջ
Ուկրաինական կամպանիան, անկախ վերջնական ելքից, արդեն ռազմավարական էական մի խնդրի պատճառ է դարձել։ Այն, փաստորեն, փլուզել է ռուսական բանակի հզորության շուրջ իլյուզիաները։ Թեև Ռուսաստանի հիմնական մրցակիցներից որևէ մեկի՝ նախագահի, հետախուզության ղեկավարի կամ ԳՇ պետի մակարդակով այդ իլյուզիաները չկային, բայց դրանք առկա էին ընդդիմադիր, մտավորական, գիտական, ժողովրդական շրջանակներում՝ պատմական հիշողությունից քաղած դառը դասեր ու վախեր, որոնք զսպում էին երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի հետ բախման գնալու հարցում։ Հիմա, փաստորեն, սնանկացել են հենց այդ զսպող շրջանակները, ինչը մեծ ռիսկ է ստեղծում, որ ռազմաքաղաքական ղեկավարները «պատմական արդարությունը» վերկանգնելու մղումներում կմնան բացարձակ առանց արգելակների։ Իսկ դրա հետևանքները մարդկության համար փոքր լինել չեն կարող։
Ես մարդկանց այն խմբին չեմ պատկանում, որը գուժում է Ռուսաստանի մոտալուտ փլուզումը։ Նրանք, ովքեր կանխատեսում են դա, իմ կարծիքով, այդ երկրի ոչ պատմության, ոչ սոցիալ-քաղաքական համատեքստին առողջ հայացքով չեն նայում։ Ավելին, չեն պատկերացնում աշխարհաքաղաքականության էությունը։ Ռուսաստանը շարունակում է ռազմավարական զսպման մակարդակում անհաղթահարելի ուժ մնալ։ Փոխարենը՝ օպերատիվ և մարտավարական մակարդակներում Ռուսաստանն ունի լրջագույն խնդիրներ։ Նրա մրցակիցները, զսպվածություն պահպանելով ռազմավարական մակարդակում, ամբողջ ուժով հարվածում են օպերատիվ և մարտավարական մակարդակներում։ Իսկ տնտեսությունն ու առօրյա քաղաքականությունը շոշափելի են հենց այս մակարդակում։ Մարդիկ սովում և մեռնում են հենց այս մակարդակում, զինվորները կռվում և զոհվում են հենց այս մակարդակում։ Իսկ այդ մակարդակում, օրինակ, Թուրքիան, մեղմ ասած խեղճանալու տեղ չունի ռուսական բանակի առջև։
Սա հրաշալի հասկանում են նաև Ռուսաստանում։ Նրանք գիտեն, որ միջուկային մարտագլխիկները կպաշտպանեն Մոսկվան ու Պետերբուրգը, բայց էժան փող չեն սրսկի տնտեսության մեջ և չեն խփի 18-ամյա Կոլյային սպանող դիպուկահարին։ Ուստի նախագահ Պուտինի հետ, թե առանց նրա՝ (ավելի հավանական է, որ առանց նրա) Ռուսաստանը ստիպված կլինի շտկել օպերատիվ-մարտավարական վիճակը, մեղմել միջուկային խելագարի կանխավարկածը, բացել երկրի օդերն ու ժամանակ շահել՝ գլխի ու բռունցքների չափերի անհամապատասխանությունը շտկելու համար։
Ռուսաստանի այս ցանկությունը դաժանորեն կշահագործվի Արևմուտքի կողմից, որը կփորձի ստանալ Արևմուտքի համար բացարձակ անվտանգ, իսկ ռեգիոնում՝ խնդիրներ լուծող ու բալանս ապահովող պետություն։ Արևելաեվրոպական ֆրոնտի բարդ ու ցավոտ բանակցություններում Ռուսաստանի վրա գործադրվելու են նրա սահմանագծի երկայնքով առկա բոլոր լծակները։ Իսկ Ռուսաստանը, պատմության մեջ այս էլ որերորդ անգամ, ողջամտորեն դողալու է արևելաեվրոպական ճակատի վրա և չի խնայելու մյուս ռեգիոններում իր ռեսուրսները, որպես զիջման (հետագայում՝ վերականգնելու ենթակա) առարկա։
Դժվար չէ կռահել, որ Հարավային Կովկասը արևելաեվրոպականի նկատմամբ ստորադաս առաջնահերթություն է։ Ռուսաստանը չի վերանա թեկուզ միայն այն պատճառով, որ «от Владивостока до Калининграда»-ն ինչքան հզորության, այդքան էլ նահանջելու տեղ ունենալու մասին է։ Ռուսաստանը չի վերանա, այլ փորձված իմաստնությամբ հետ կքաշվի, ինչպես ժամանակին Բարկլայ Դը Տոլլիի ռազմավարությամբ էր հետ քաշվում՝ ընդհուպ մինչև Մոսկվա։ Իրենք դա կարող են անել, որովհետև ունեն 10.000 կմ ռազմավարական խորություն։ Իրենք կարող են հեռանալ, կարող են ու հավանաբար կվերադառնան Հարավային Կովկաս։ Եվ նույնիսկ այդ ժամանակ Կրասնոդարից ու այլ շրջաններից կգտնեն երեք միլիոն հայ՝ «Հայաստան» պրոյեկտը վերականգնելու համար, բայց ի՞նձ ինչ, եթե դա մենք չենք լինելու։
Ժամկետնե՞ր. չկան։ Ես չգիտեմ՝ այն, ինչ կատարվում է մեր սահմանին, այն, ինչ ստորագրվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, ինչ ժամկետներ ու հնարավորություններ է թողնում մեզ։ Բայց մի բան գիտեմ՝ այս իրավիճակում կա երեք հիմնական անելիք. բանակցել բոլոր նրանց հետ, որոնք Ռուսաստանի ամորձիներին խփելու՝ իրենց մտադրության մեջ համոզված են, որ այդ ամորձիները մենք ենք։ Մասսայաբար զինվել ու պարապել՝ թույլ չտալու, որ առանց մեզ ձեռք բերված պայմանավորվածությունները կարագի պես փափուկ իրագործվեն։ Ստուգել նկուղները ու պատրաստել ռմբապաստարաններ։
Գուցե կա այլ նախագիծ, գուցե աշխարհը չի գնա մեզ ծանոթ ու սովորական դարձած իր ակոսով։ Բայց մեր չիմացածին պատրաստվել չենք կարող, իսկ մեր իմացածին պատրաստվելը եթե օգուտ չտա, չի էլ վնասի։
Խաղաղ եղեք ու կներեք, որ ձեր տոնական օրը փչացնում եմ, բայց կանանց գլխավոր իրավունքը, երևի, կյանքի, ազատության ու երջանիկ լինելու իրավունքն է, որին էլ հենց սպառնում է էս ողջ պատմությունը»: