Տեսակետ

Գիտությունը ուժ դարձնելու համար ընդամենը ցանկություն է պետք

Կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«1904-ին ռուսներն ու ճապոնացիները Մանջուրիան և Կորեան չկիսեցին, այսինքն, Ճապոնիան չուզեց ռուսներին բաժին հանի ու հարձակվեց նրանց վրա: Սա առաջին պատերազմն էր, որ նոր ժամանակներում արևելյան պետությունը արևմտյանին պարտության է մատնում: Պատերազմը տևում է մեկ ու կես տարի: 
Սրա նշանակալի լինելը կայանում է նրանում, որ մինչև 1868թ․ Ճապոնիան ֆեոդալական հետամնաց պետություն էր և ընդամենը 25 տարում կարողանում է հզոր ռազմական ուժեր ստեղծել՝ նավատորմով և ժամանակակից բանակով: Սա, ի դեպ, այնքան ժամանակ էր, որքան մեզնից պահանջվեց՝ երկրի ռազմական ուժերը քայքայելու և պատերազմում պարտվելու համար: 
Այս պատերազմը հետաքրքիր է նաև նրանով, որ Ռուսաստանը Չինաստանի անվտանգության երաշխավոր էր դարձել, քանի որ չինացիները տարածք էին զիջել (ներկա Վլադիվոստոկի տարածքը, որը չինական Մանջուրիայի մաս էր): Ճապոնիան աչք ուներ այդ տարածքներին: Ռուսները որոշում են երկաթգիծ կառուցել, որպեսզի կարողանան արագ զորք հասցնել այս տարածքներ, որ պետք եղած ժամանակ Ճապոնիայի դեմ պատերազմեն:
Սակայն ճապոնացիները, սա գիտակցելով, նախահարձակ են լինում և ռուսների սևը տալիս են, չինացիներինն էլ՝ վրադիր:
Ճապոնացիների «գաղտնիքը» գիտելիքն էր, որ փոխառել էին Եվրոպայից: Լավագույն գիտնականներին բերում էին ու իրենցից սովորում: Սրան գումարած էլ՝ շատ կազմակերպված էին, ու մինչև հիմա էլ այդպիսին են: 
Ինչպես արդեն նշեցի, պատերազմը տևեց մեկ ու կես տարի, իսկ մեր օրերում դա ամիսներ կտևեր. ինչին ականատես կլինենք Ուկրաինայում: Պատերազմները հիմա կարճ են տևում (եթե դրանք քաղաքացիական չեն), պատճառը նոր տեխնոլոգիաներն են, որ հնարավորություն են տալիս հեռվից ճշգրիտ հարվածներ կատարել: Արդյունքում, շատ դեպքերում, անմիջական մեծ բախումներ տեղի էլ չեն ունենում: Սկզբում լավ հրթիռակոծում են, հետո զորքով մտնում են՝ հակառակորդի մնացորդները մաքրելու:
Շատ ցավալի է, երբ այս նույն պարզագույն սցենարը մեր դեմ են կիրառել: Մեր ՏՏ և ԲՏ համայնքները, որ շարունակաբար գլուխ են գովում, թե իբր լուրջ գործով են զբաղված, ապիկար և անուղեղ իշխանություններին չէին ուզել կամ չէին կարողացել բացատրել, որ օդը փակել է պետք, ու դրա հույսը չպետք է լինի ռուսական տեխնիկան. Չէին բաշարել երեսուն տարում մի կարգին ռազմական անօդաչու ստեղծել: 
Գիտությունը ուժ դարձնելու համար ընդամենը ցանկություն է պետք: Պետություն ունենալու համար ընդամենը ցանկություն է պետք, իսկ սա վախկոտ և ծույլ մարդու բան չէ: Պետությունը պահանջում է սեփական շահերի ճանաչում և դրանց համար պատրաստություն: Մեր նորանկախ պետության համար ընդամենը երկու անգամ ենք կռվել․ մեկը հաղթել ենք, մյուսը՝ պարտվել, բայց մեզ այնպես ենք պահում, կարծես՝ սա վերջն էր, և թողնում ենք, որ մանկամիտները առաջնորդեն երկիրը և տանեն դեպի նոր պարտություններ: Թողնում ենք, որ մեզ միջակության մեջ պահեն, որ միջակ միտքն ու գլուխը դառնան մեզ առաջնորդ: Ամբողջ ազգային ժողով կոչեցյալը թույլիկների համախումբ է, որ վախենում են նույնիսկ մեծ երազանքներ ունենալ:
Ամեն օր զարթնում եմ այն գիտակցումով, որ սա այն Հայաստանը չէ, որ ես ուզում եմ, ու ոչ մի կերպ ներկա վիճակի հետ չեմ կարողանում համակերպվել»: