ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ադրբեջանցիները Ռուսաստանի պարտությունը տենչում են՝ ոչ թե ռուսաստանցիներին Պուտինի ավտորիտար ռեժիմից ազատելու, եվրաատլանտյան քաղաքակրթությանը ներգրվելու մեծ-մարդասիրական մղումներով, այլ՝ որպեսզի փետրվարի 22-ին Ալիևի ստորագրած «ղազագիրը» դենոնսացիայի ենթարկելու հնարավորություն ունենան, ու Շուշիի՝ թուրք-ադրբեջանական հռչակագիրը գործի ամբողջ ծավալով։
Երբ ես ասում եմ՝ այս պահին մեր շահը պահանջում է, որ Ռուսաստանը ուկրաինական ճգնաժամից հաղթած, ոչ թե պատվով դուրս գա, ելնում եմ մի հարցադրումից․ մեզ պե՞տք է, որ թուրք-ադրբեջանական ռազմական ինտեգրացիան խոչընդոտվի։ Այո՞։ Այդ հնարավորությունը մեկն է՝ Ադրբեջանի ռուսական «ներկալում»։ Ո՞չ, ուզու՞մ ենք մաս կազմել եվրաատլանտիզմով փաթեթավորված՝ թուրք-ադրբեջանական «նոր աշխարհին»։ Տարբերակ է, բայց այդ դեպքում պետք է մտածել 140 հազար արցախցիներին Հայաստանում վերաբնակեցնելու, ԼՂ հարցը ընդմիշտ փակելու, Սյունիքի «համատեղ կառավարման» և, վերջում, «Արարատյան հանրապետության» վերածվելու հեռանկարի հետ։
Քննարկեք և կողմնորոշվեք։ Թե չէ՝ ես էլ գիտեմ, որ Ռուսաստանը դեմոկրատական երկիր չէ։ Բայց ի՞նչ է ինձ տալիս դեմոկրատական ԱՄՆ-ն։ Ես չեմ ուզում, որ Երեւանում օդային տագնապի շչակ միացվի»։