Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Այս պատերազմից մեկ օր առաջ Պուտինն ու Ալիևը ստորագրեցին դաշնակցային պայմանագիր։
Պուտինի ու Էրդողանի միջև ձևավորված են ընկերական հարաբերություններ, ինչն արտացոլվում է նաև քաղաքական հարթության մեջ։
Քառասունչորսօրյա պատերազմի ողջ ընթացքում Ռուսաստանը ցույց տվեց, որ իր աշխարհաքաղաքական շահերի համար Ադրբեջանը ունի այնքան նշանակություն, որքան՝ Հայաստանը։
Ռուսաստանն անարգել զենք է վաճառել Ադրբեջանին, և Ադրբեջանի սպառազինության մեծ մասը կազմում է ռուսական զենքը։
Բաքուն տարածաշրջանի ամենառուսաֆիկացված քաղաքն է եղել ու կա․ այդ մասին վերջերս նաև Պուտինը խոսեց։
Ադրբեջանի կողմից ՀՀ սահմաններ մտնելու փաստը որևէ կերպ չի ազդել ու չի ազդելու ռուսական կողմի դիրքորոշման վրա, և նրանք դա երբեք էլ չեն թաքցրել։
Հիմա, այս իրողությունների պարագայում, փոխանակ հայկական քաղաքական վերնախավը մտածի՝ ինչպես կարող է ստեղծել շահերի հակակշիռներ, ողջ օրը երազում է, թե երբ կխաթարվեն ռուս-թուրքական հարաբերությունները, կամ, ասենք, ռուս-ուկրաինական պատերազմում կհակադրվեն նրանց շահերը, և այդ պահին ՀՀ-ն կլուծի իր բոլոր հարցերը։ Ողջ օրը քարոզչական հարթակներով մարդկանց գլուխները լվանում են այդ կոնտեքստի շրջանակներում եփվող արհեստական տեքստերով։
Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը իր հարաբերությունները չի կառուցում հայկական կողմի երազանքների համաձայն, և եթե մի ֆրոնտում ինչ-որ մեկի հետ հնարավոր են հակադրություններ, մյուս ֆրոնտում հանգիստ կարող են շահերը համադրելի դառնալ։ Այնպես որ, հանգիստ թողեք ՆԱՏՕ-ին, Ուկրաինային, Ղազախստանին, Եթովպիային, Շրին Լանկային և թշնամիներ ման մի եկեք ոչ մի տեղում․ ձեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պայմանավորեք ձեր շահերի ու հնարավորությունների շրջանակներում»։