Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից հետո տեղի է ունեցել Չավուշողլու-Լավրով հեռախոսազրույցը: Դա հիմք է տալիս՝ դիտարկելու հավանականություն, որ Էրդողան-Պուտին մակարդակով քննարկվել է ինչ-որ բան, որի առնչությամբ զգացվել է ԱԳ նախարարների մակարդակով առավել դետալային քննարկման կարիք:
Այս հանգամանքը կարող է հետաքրքիր լինել Էրդողանի մասին վերջին օրերին Զելենսկու հայտարարությունների ֆոնին, առ այն, որ Էրդողանը կլինի անվտանգության կարգին երաշխավոր:
Հատկանշական է, որ Պուտինի հետ Էրդողանի զրույցից երկու օր առաջ զրուցել էին ԱՄՆ ու Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետերը, իսկ մեկ օր առաջ՝ Էրդողանն ու Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը:
Մակրոնի՝ վերջին օրերի աշխուժությունը Պուտինի ուղղությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ ամերիկա-բրիտանական տանդեմը կարող է Ուկրաինայի հարցում դիտարկել Թուրքիայի դերի որոշակի բարձրացում:
Դեռևս 44-օրյա պատերազմից հետո մեկ-երկու հոդվածում կարծիք եմ հայտնել, որ Կովկասից հետո թուրքական ուշադրությունը գնալու է կենտրոնասիական և ուկրաինական ուղղություններով։
Եվրոպայի համար կարևորագույն կետում Թուրքիայի դերի հնարավոր աճը առավել շատ մտահոգում է Ֆրանսիանին, որը փորձում է գործադրել Ռուսաստանի հետ դիվանագիտական հաղորդակցության ավանդույթի ուժը»: