Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Պուտինը չի ընդունում Ուկրաինայի սուվերեն երկիր լինելու փաստը, այն համարելով բոլշևիկների կողմից ստեղծված արհեստական միավոր։
Մի կողմ թողնենք պատմությունը, թե որ երկիրը ինչպես է առաջացել, որովհետև դա անիմաստ ու անտեղի մոտեցում է ժամանակակից աշխարհի քաղաքական իրողություններում, և հիմա ոչ թե պետք է գնահատական տրվի պատմությանը, այլ պետք է հստակ կերպով արձանագրվի ներկայիս իրականությունը, իսկ ներկայիս իրականությունն այն է, որ Ռուսաստանը լայնածավալ կերպով հարձակում է գործել մեկ այլ պետության վրա, և փորձ է անում կապիտուլացիայի ենթարկել, այն պատրվակով, թե իբր այդ երկրի աշխարահաքաղաքական կողմնորոշումը սպառնալիք է ներկայացնում իր պետության համար։ Ի՞նչ է նշանակում հարևան երկրի աշխարհաքաղաքական կողմնորշման ու քաղաքակրթական ինտեգրացիան համարել անընդունելի և գնալ արյունալի մի պատերազմի, որտեղ ակնհայտ կերպով ոչ միայն թիրախավորվել է ռազմական նշանակության հենակետերը, նաև ու հիմնականում քաղաքացիական նշանակության կառույցները։
Հարգելիներս, այդ ամենը իրականում չափազանցված պատճառաբնություններ են, որի իրական հասցեատերը ռուսաստանցի մարդն է, որին իրականում չեն կարող բացահայտ կերպով ասել, որ իրենց նպատակը Ուկրաինա երկրի նվաճումն է, որովհետև դա Պուտինի գլխավորած կայսրության հերթական կապրիզն է, որը բնորոշ է եղել բոլոր նվաճողներին էլ, իսկ այդ ամենը ժամանակակից ռուսաստանցու համար մի փոքր անիմաստ կլինի, բայց ահա տարիներ շարունակ որպես թշնամի ներկայացված արևմտյան աշխարհի մասով հեշտ է քարոզչություն իրականացնելը։ Վերջերս շատ է խոսվում նաև այն մասին, որ ոչ մի հարևան երկրի համար Ռուասաստանը վտանգ չի ներկայացնում, բայց զուգահեռաբար Կրեմլի հայտնի մարիոնետ Լուկաշենկոն բաց տեքստով խոսում է «Մյութենական պետություն» ստեղծելու մասին, որը անում է ուժային դիրքերից ու շատ ցինիկ կերպով։ Հիմա կասեք, ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ մյութենական կոչված պետությունը, ընդամենը մեկ բան՝ վերացնել հետսովետական մի շարք երկրների սուվերեն գոյությունը, և ամբողջապես ենթարկեցնել Մոսկվայի կառավարմանը։ Ո՞րն է Մոսկվայի կառվարման ոճն ու բովանդակությունը. զրկել հասարակությանը քաղաքական ազատություններից, իշխանական վերնախավի մեջ քվոտավորել ու մոնոպոլիզանցել տնտեսությունը, ֆիկցիայի վերածել ընտրական ինստիտուտները, և գիտակցաբար կոռուպցիան դարձնել հիմնական գիտկացության ձև։ Սա է ռուսական քաղաքական աշխարհի խաղի կանոնները, այսինքն՝ բոլորին պարտադրելու են այդ իրականությունը, ինչպես բոլշևիկները վարվեցին նախորդ դարի ընթացքում։
Իհարկե, բոլորն էլ կարող են ակադեմիական ինչ-որ տեքստերով արդարացնել այն լկտի պահվածքը, որ այսօր պուտինյան Ռուսաստանը անում է Ուկրաինայում, այդպիսի ակադեմիական տեքստեր ձոնվել են նաև Հիտլերի համար, բայց դա չի նշանակում, որ այդ ամենի հանդեպ պիտի գաղափարապես դառնանք հանդուրժող»։