Տեսակետ

Զելենսկու «ձիով քայլը» և Էրդողանի նոր մարտահրավերը

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ութ օր չքնած ու բավականին հյուծված Զելենսկին, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր «ձիով քայլ» արեց երեկ: Կամ, ավելի ճիշտ, իրենով քայլ արեցին: Զելենսկին ընդգծեց թուրք-ուկրաինական ամուր ու ջերմ հարաբերությունները և պնդեց, որ Թուրքիան կարող է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը՝ դրանով շատ բարդ դրության մեջ դնելով անընդհատ «շուստրիություն» անող Էրդողանին: 
Բանն այն է, որ Էրդողանը, փորձելով միանգամից մի քանի աթոռի վրա տեղավորվել, համ ՆԱՏՕ-ին էր քսմսվում՝ հայտարարելով, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, համ՝ Պուտինի հետ հարաբերություններն էր ջերմ պահում, Մոսկվայի քայլերն արդարացնելով ու, ամենակարևորը, չխառնվելով բուն հակամարտությանը: 
Քանի որ Մոսկվայի հարձակման պատրվակը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պոտենցիալ հավանականություն էր, Զելենսկին ասում է՝ «թող Թուրքիան երաշխավորի մեր անվտանգությունը, մենք ՆԱՏՕ մտնելու կարիք չենք ունենա»: Ստացվում է՝ եթե Էրդողանն այդ երաշխիքները տա, ռուսներին Ուկրաինայից դուրս հրավիրելը դառնում է իր պրոբլեմը: Եթե Էրդողանը այդ երաշխիքները չտա, նշանակում է՝ իր բոլոր ուկրաինամետ հայտարարությունները բլեֆ էին: 
Վստահ եմ, որ Զելենսկու այդ հայտարարությունը «ոտի վրա» ծագած միտք չէր, քանի որ դրանից անմիջապես հետո Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադն իր էջում գրեց հետևյալը. «Ուկրաինայի մեծ ժողովուրդ, նախագահ Զելենսկի, ձեր արժանապատիվ և գրեթե աննախադեպ դիմադրությունը քողազերծել է մարդկության թշնամիների սատանայական պլանները: Վստահ եղեք, որ Իրանի մեծ ժողովուրդը ձեր կողքին է ու հիանում է ձեր համառությամբ»:
Ահմադինեջադն, իհարկե, հայտնի է իր էքսցենտրիկ հայտարարություններով, բայց հավաստիացնում եմ՝ Իրանում նման բաներ պատահաբար տեղի չեն ունենում: Իրանի նախագահ Ռաիսին, իր մասով, պրոտոկոլային հայտարարություն արեց առ այն, որ «նենգ Արևմուտքն» է մեղավոր այս պատերազմի մեջ, իսկ այաթոլլաները՝ Ահմադինեջադի շուրթերով, ավելի կոնկրետ ազդակ են հղում Էրդողանին, որ «արխային չընկնի» ու իր տեղն իմանա»: