Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերության 30-ամյակի առթիվ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուղերձն, ըստ իս, ունի երեք կարևոր կետ:
Նախ, հայ-ֆրանսիական լայնաֆորմատ գործակցության հարթակի ձևավորումը, որի համաժողովը կլինի Փարիզում՝ մարտի 9-ին: Ուշադրության է արժանի «երկարաժամկետ կառուցվածքային համատեղ նախաձեռնություններ» ձևակերպումը, ինչի շուրջ աշխատելու մասին խոսում է Մակրոնը:
Այս թեմայի մասին խոսել եմ բազմիցս: Այդ թեմայով գրված հոդվածում արտահայտեցի նաև տեսակետ, որ այդ ինստիտուտի բացումը շատ ավելի առարկայական քայլ ու ռեսուրս է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունը խորացնելու առումով, քան Ֆրանսիայի ռազմական աջակցության մասին տարաբնույթ խոսակցությունները:
Ուղերձի մյուս կետը. Ֆրանսիան գործընկեր է դիտարկում Հայաստանի երիտասարդությանը: Այստեղ էական է գործընկերային դաշտը թարմացնելու տողատակը:
Երրորդ կետը՝ թե՛ երկկողմ, թե՛ ՄԽ համանախագահության ձևաչափում տևական կարգավորման համար նպաստավոր միջավայր ստեղծելու հանձնառությունն է: Այդ առումով չունեմ որևէ պատրանք, բայց Ֆրանսիայի հանձնառությունը իրավիճակի հավասարակշռման կարևոր միջոց է:
Ամփոփելով. այդ երեք ուղղություններով Փարիզի հետ արդյունավետ աշխատանք տանելու համար մեզնից պահանջվում է զերծ լինել մանիպուլյատիվ կամ զգայական չափազանցություններից, պատրանքներից և հետևողական աշխատել պակաս հնչեղ, բայց ամուր նախաձեռնությունների ուղղությամբ»: