Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
««Հույս ունենք, որ այն դատական գործերը, որոնք Հայաստանում վերջին երկու տարում սկսվել են ռուսական որոշ համատեղ ընկերությունների դեմ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղիների», կկարգավորվեն՝ առանց այնպիսի բաների, որոնք վայել չեն դաշնակցային հարաբերություններին». Լավրով։
Երկու տարի առաջ, երբ Լավրովն այս տողերը հնչեցրեց, շատերը չհասկացան քաղաքական ենթատեքստը։ Ռուսական կողմը հասկացրեց, որ, իր հետ դաշնակցային հարաբերությունների պարագայում, խաղի կանոններ սահմանողը ինքն է։ Իսկ թե որոնք են կանոնները, բոլորս գիտենք, հատկապես՝ այն մանրակրկիտ շոշափել ենք Հոկտեմբերի 27-ից հետո, երբ սահմանվեց քաղաքական ու տնտեսական կյանքի բեսպրեդել, անօրենությունը դարձավ հասարակական գիտակցության ձև, և այսպես շարունակ։
Վերջերս շատ է խոսվում, որ Ռուսաստանի հարևան ժողովուրդները պետք է պահպանեն գեոպոլիտիկ չեզոքություն, չառաջացնեն ռուսական կողմի զայրույթը։ Առաջին հայացքից՝ այս պնդման մեջ կա տրամաբանություն, բայց, խորքային առումով, ոչ թե Ռուսաստանն է բոլորից ակնկալում չեզոքություն, այլ ինքն է պարտադրում կուլիսային ու գրեթե ամբողջական ենթակայություն։ Հակառակ դեպքում՝ ցանկացած պատրվակով հրահրում է ներքին անկայունություն, ծայրահեղ դեպքում՝ պատերազմ։ Կարճ ասած՝ կանգնեցնում են երկընտրանքի առջև. կա՛մ դառնում ես Լուկաշենկո ու երկիրը վերածում ամբողջական պլացդարմի՝ ունենալով ֆորմալ կայունություն, կա՛մ՝ ստանում ես այն, ինչի մասին վերևում խոսեցի։
Ցավալին այն է, որ այս վախի ու դրանից բխող զգուշավորության զգացումը դարձել է քաղաքական պատկերացում, որն օբյեկտիվորեն կարող է ինչ-որ ժամանակահատվածում գոյության իրավունք ունենալ, բայց, երկարաժամկետ առումով, այն մի օր պայթելու է այդ կայսրության գլխին, որովհետև ոչ մի ժողովուրդի հավերժական ստրկության չես կարող ենթարկել»։