Տեսակետ

Հայաստանի նախագահը փաստացի ստանում է որոշակի ազատություն

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո ունեցած իր ելույթում Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ կարևորագույն բան է մարդու ազատությունը՝ ապրելու ու ստեղծագործական ներուժի իրացման համար: 
Գուցե տարօրինակ հնչի, սակայն, չունենալով իշխանական մեծ լիազորություն, Հայաստանի նախագահը փաստացի ստանում է որոշակի ազատություն, առաջին հերթին՝ հանրության հետ հաղորդակցման ազատություն: Այդ հաղորդակցումը պետք է լինի վերքաղաքական, լինի արժեհամակարգային սկզբունքի և նպատակադրումների վրա կառուցված: Եվ, այդ իմաստով նաև, մի կողմից՝ հանրապետության նախագահը չպետք է փորձի քաղաքական հավակնությամբ միջամտել քաղաքական գործընթացին, մյուս կողմից՝ քաղաքական մեծամասնությունը չպետք է փորձի ավելորդ հավակնություններով սահմանափակել հանրության հետ Հայաստանի նախագահի հաղորդակցության ազատությունը: 
Պրն․ Խաչատուրյան, հարգանքներիս հավաստիքը։ Շնորհավորում եմ։ Ձեզ բեղմնավոր աշխատանք՝ ի շահ հայրենի պետականության և հայ ժողովրդի»։