Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Իրավիճակն՝ Ուկրաինայում
Որևէ վճռական արդյունք չկա ճակատներից ոչ մեկում:
Հարավային ճակատում, ուր ռուսական առաջխաղացումն ամենամեծն էր վերջին երկու-երեք օրվա ընթացքում, առաջխաղացումը կասեցվել է արևմտյան՝ Նիկոլաև-Վոզնեսենկ ուղղությամբ: Այստեղ ուկրաինացիներն, ըստ հաղորդումների, չունեն մեծ ուժեր, բայց ռուսներն էլ, հավանաբար, կարևոր չեն համարում այս ուղղությամբ հետագա առաջխաղացումը:
Հիմնական ուղղությունը հարավ-արևելյանն է, ուր ռուսները կարողացել են փակել Ազովի ծովի ափը, սակայն ազովյան վերջին բաստիոն Մարիուպոլիսը կանգուն է, և դրա գրավումը շուտ չի լինելու, եթե, իհարկե, առհասարակ լինի: Այստեղ կենտրոնացած են ուկրաինական Ազովի գումարտակի ուժերը, որի կորիզը նացիոնալիստներն են՝ լավ մոտիվացված ու պատրաստված: Երեկ ռուսները հաղորդեցին Մարիուպոլիսի ուղղությամբ Վոլնովախա բնակավայրի գրավման մասին, բայց այսօր ասում են, որ «մաքրումը» շարունակվում է, ու լիարժեք վերահսկողություն չկա: Այստեղ նույնպես Ազովի ստորաբաժանումներն են:
Դոնեցկի և Լուգանսկի ճակատներում տեղական մարտեր են, կա ռուսական առաջխաղացում, բայց՝ առանց վճռական ճեղքման:
Խարկովը շարունակում է մնալ կիսաշրջափակված, բայց ուկրաինական վերահսկողության տակ: Քաղաքի ամբողջական շրջափակում չկա: Հեքիաթները, թե ռուսները չեն ուզում գրավել քաղաքը, սոսկ հեքիաթներ են: Խարկովը կարևոր է որպես հաղորդակցության կենտրոն, որը գրավելուց հետո ռուսները կկարողանան շարժվել հարավ՝ Զապորոժյեի ուղղությամբ, շրջափակելու ուկրաինական խմբավորումը Դոնեցկում, որն ուժեղներից մեկն է:
Օրեր առաջ Խարկովում ոչնչացվել է ռուսական «սպեցնազի» խումբը, որը մտել էր քաղաք և ընկել շրջափակման մեջ (ըստ պրոռուսական դոնեցկյան աղբյուրների):
Կիևի մերձակայքում շարունակվում են մարտերն՝ առանց վճռական արդյունքի: Ռուսները հատկապես խորացել են Կիևի շուրջ՝ հյուսիս-արևմուտքից: Բայց հետագա առաջխաղացումը ծանրանում է համառ մարտերի պատճառով: Որոշ բնակավայրեր ձեռքից ձեռք են անցնում՝ հընթացս ավերվելով:
Կիևի հյուսիս-արևելքից ռուսները նույնպես առաջ են եկել բարակ գծով՝ թիկունքում թողնելով չգրավված Չեռնիգովը, Սումին և մյուս խոշոր քաղաքները: Բայց այս ուղղությամբ ռուսներն առայժմ ավելի հեռու են Կիևից, քան արևմուտքից: Այստեղ նույնպես համառ մարտեր են:
Հակառակ ռուսական պնդումների՝ ուկրաինական օդուժն ու հակաօդայինը, կարծես, չեն ոչնչացվել:
Ուկրաինական ԶՈՒ-ն, ընդհանուր առմամբ, պահպանում է իր մարտունակությունը և դիմադրողականությունը: Կազմալուծման միտում չի երևում:
Երկուստեք կորուստները պետք է որ շատ մեծ լինեն՝ հազարներով հաշված»: