Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Վերջին իրադարձությունների հետ կապված՝ օրերս Գերմանիայի խորհրդարանում հնչած մի ելույթ էր շրջանառվում։ Ելույթ էր ունենում մի կին, որը պնդում էր, թե Եվրոպան է մեղավոր, որ ռուսները հարձակվել են ուկրաինացիների վրա։ Իբր՝ եթե դնեին գլխներին, ման տային, տենց չէր լինի։ Քննադատում էր Եվրոպայի կիրառած պատժամիջոցներն ու կոչ անում երկխոսել, տալ ինչ ուզում են, ընդհանուր հայտարարի գալ, ամեն դեպքում։
Հայաստանում դա տարածում էին, հիմնականում, չասեմ՝ որ քաղաքական անհատի հետևորդները։ Նրանք նախընտրում են ուժի՝ Մոսկվայի կամ միջազգային հանրության առջև, ծնկի գալ։ Քանզի, պնդում են նրանք, մենք ո՞վ ենք, որ նրանց ասածին դեմ գնանք։ Իբր՝ իրենք խաղաղության աղավնիներն են, իսկ մնացած բոլորը՝ պատերազմի հրձիգները։ Ուղղակի տեղներս չենք գտնում, որ պատերազմ չի լինում։
Բայց մերոնք ինչ ասես կարող են խոսել։ Ի տարբերություն մեր դեպքի՝ այսպես կոչված «Արևմուտքում» ինստիտուցիոնալ հիշողություն գոյություն ունի։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ աշխարհը հենց Գերմանիայից է տեսել էն, ինչից էսօր վախենում ու փորձում է կանխել։ 1933-1939թթ․ Ռեննի ռեմիլիտարիզացիան, Սուդեթի շրջանի պահանջը, Ավստրիայի անշլյուսը։ Էս բոլոր դեպքերում, չնայած՝ խախտվում էին ընդունված նորմերը, աշխարհը լռեց։ Իսկ երբ Մյունխենյան համաձայնագրով Անգլիան ու Ֆրանսիան Չեխիայի հողերը զիջեցին Հիտլերին, Չեմբեռլենը պատմում էր՝ «վերջ, ինչ ուզեցին, տվեցինք, էլ պատերազմ չի լինի, ու երկարատև խաղաղություն կհաստատվի Եվրոպայում»։ Դրանից ուղիղ մի տարի հետո եղավ հարձակում Լեհաստանի վրա, հետո ընկան Չեխիան, Նիդեռլանդները, Բելգիան, Ֆրանսիան… Գիտեք։ Բայց 1938-ի սեպտեմբերին դա դեռ չգիտեին ու վստահ էին, որ զիջելով՝ խաղաղության կհասնեն։ Գոնե տենց էին ասում, լավ։
Իսկ հիմա՞։ Վրաստան, Ղրիմ, Դոնբաս, Արցախ, հիմա էլ՝ Ուկրաինա։ Լուկաշենկոն, պատահաբար, նաև Մոլդովայի վրա հարձակման սլաքները ցույց տվեց, Մերձբալթյան երկրներին էլ վաղուց են սպառնում։
Ես չգիտեմ՝ Բունդեսթագում ելույթ ունեցող Ալիս Վայդելը ինչքանով պատմություն գիտի, բայց Գերմանիայի խորհրդարանում միշտ մի տենց բալզակյան տարիքի փախած պատգամավոր լինում է։ Անցածում էլ կար։ Գերմանիայի դեպքում՝ ռուսներից վախն արդեն սերունդներով փոխանցվող երևույթ է։ Թերևս, մեզ մոտ էլ։ Դրա համար էլ նրա ելույթը մեզ մոտ տարածում ու ապրումակցում էին»։