«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին փուլը մոտենում է ավարտին, կարելի է որոշակի արդյունքներ ամփոփել:
Վստահ եմ՝ հասկանում եք, որ Իսպանիայի չափ ՀՆԱ ունեցող Ռուսաստանի ու Անգոլայի չափ ՀՆԱ ունեցող Ուկրաինայի բախումը չէր կարող աշխարհն իրար խառներ, եթե այդ հատվածում գլոբալ շահեր չբախվեին։ Այնպես, ինչպես Պուտինը չէր կարող Արևմուտքի համար երբևէ սպառնալիք լինել՝ 7 օր Խերսոնը գրավել չկարողացող իր բանակով, եթե այդ ամենի ենթատեքստում ավելի կարևոր խնդիրներ չլինեին:
Իսկ գլոբալ թատերաբեմում հիմա կա մեկ օրակարգային գերխնդիր՝ Չինաստանը:
Մոսկվան կարող է 100 տարատեսակ «Սպուտնիկ» ու «Ռաշա Թըդեյ» բացի ու անդադար մերկացնի Արևմուտքի երեսպաշտությունը, նենգությունն ու ստորությունը, բայց դա որևէ կերպ չի սասանի արևմտյան քաղաքակրթության հիմքերը։ Այնպես, ինչպես չսասանեցին կոմունիստներն ու իսլամիստները: Պատճառն այն է, որ արևմտյան աշխարհը ունի մեկ հենասյուն, ու դա փողն է, իսկ փողի առումով՝ վերջին 500 տարում իրենց հետ ոչ մեկը չի կարողացել մրցել: Նույնիսկ Չինաստանը, որ գնողունակության պարիտետի հաշվարկով արդեն գերազանցել է ԱՄՆ-ի ՀՆԱ-ն, դեռևս ֆինանսական հարթակներում չի կարող մրցել Արևմուտքի հետ:
Չինաստանի ներկայիս ղեկավար Ձինպինը որոշեց հենց այդ խնդիրը լուծել, երբ 2013թ․ առաջ բերեց «մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախագիծը: Նախագիծ, որը 2017թ․ դարձավ Չինաստանի սահմանադրության մաս: Այսինքն, Չինաստան պետության գոյության իմաստը հենց «մեկ գոտի - մեկ ճանապարհ» պրոյեկտն իրագործելն է. դա իրենց համար ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ գերակայություն է: Նրանք պլանավորում էին այս պրոյեկտը ավարտել 2049թ․ և դառնալ աշխարհի միակ հեգեմոնն ու տերը:
Այս՝ հարյուրավոր միլիարդների բյուջե ունեցող պրոյեկտն իրականում շատ պարզ տրամաբանություն ունի: Քանի որ Արևմուտքը 500 տարի առաջ նվաճեց բոլոր ծովերը և համաշխարհային առևտուրը, ապա առևտրի այս մենաշնորհն իրենցից խլելու միակ տարբերակը ծովին այլընտրանք ստեղծելն էր: «Մեկ գոտի - մեկ ճանապարհը» հենց դա էր կոչված անել՝ Չինաստանը կապել Եվրոպայի հետ ցամաքային ճանապարհներով:
Չինաստանը Եվրոպայի հետ կապող ընդամենը երեք հանգույց կա՝ Ռուսաստանը, Իրանը և Կասպից լիճը (այսինքն՝ Ադրբեջանը): Իրանի և Ռուսատանի հետ Չինաստանը կնքեց 25 և 30 տարվա համագործակցության համաձայնագրեր, իսկ Կովկասում դեռ հապաղում է, քանի որ Ադրբեջան-Թուրքիա թյուրքական զույգի հետ համագործակցելը հղի է Սյան Ձի նահանգում լուրջ ներքաղաքական խնդիրներով:
Սրան ի պատասխան՝ Արևմուտքը գազ տվեց Իրանից պատժամիջոցները հանելու բանակցություններին ու նույն ջանասիրությամբ սահմանեց պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Բնական է՝ աշխարհը դժվար կընկալեր ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները, եթե դրանց համար ֆորմալ ինչ-որ պատճառ չլիներ։ Հետևաբար, եղավ Ուկրաինան:
Այսպիսով, Չինաստանը կորցրեց ամենակարճ, ամենաարագ ու ամենաէժան մարշրուտը, որը կանցներ Ռուսատանով, ու այս պահին տեսականորեն ունի միայն Իրանի տարբերակը, որը, մեղմ ասած, շատ փխրուն է ու կարող է անցնել միայն Թուրքիայով:
Անշուշտ, ստեղծված իրավիճակում Չինաստանն իր մարտավարական օգուտները կքաղի. Ռուսաստանը դառնալու է իր հումքային կցորդը, որին Չինաստանը քամելու է՝ մինչև վերջին կաթիլ նավթը: Բայց, ռազմավարական առումով, սա, իհարկե, սարսափելի ձախողում էր Չինաստան պետության համար:
Ձախողման պատճառն էլ այն է, որ Արևմուտքը դեռ անհամեմատ ուժեղ է մնացած ողջ աշխարհից՝ իրար հետ վերցրած: «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» պրոյեկտը կարող էր աշխատել միայն, եթե Չինաստանն ավելի մեծ տեղեկատվական ներուժ ունենար, քան Արևմուտքը, ու եթե, օրինակ, ռուսներին ու ուկրաինացիներին նրանք կարողանային համոզել, որ «եղբայրը եղբոր վրա ձեռք չպիտի բարձրացնի»: Մինչդեռ, փաստացի, նրանք նույնիսկ իրենց ռազմավարական դաշնակից Պուտինին չկարողացան համոզել՝ չգնալ այդ աղետալի քայլին:
Շաբաթներ առաջ նշել էի, որ վստահ չեմ Պուտինի անկեղծության վրա՝ Արևմուտքի հետ իր հակամարտության մեջ: Չափից դուրս շատ էին իր պաշտոնավարման ընթացքում դրվագները, երբ նա Արևմուտքի հետ պասերով խաղացել է: Հիմա նույնպես մոտս կան բազմաթիվ անպատասխան հարցեր: Օրինակ, ինչու՞ է պատերազմին պատրասվող ու ահռելի պաշարներ հավաքող մարդն իր այդ պաշարների կեսից ավելին՝ շուրջ 350 միլիարդ դոլարը, թողնում հակառակորդի մոտ:
Մի բան է հստակ՝ եթե Չինաստանն ուզում է դեպի Եվրոպա ցամաքային ճանապարհ ունենալ, որը, սակայն, չի անցնի թուրքերի տարածքով, այն կարող է անցնել միայն Հայաստանով։ Բոլոր մնացած խաչմերուկները Չինաստանի համար՝ ցավոք, իսկ մեզ համար՝ բարեբախտաբար, փակ են:
Կեցցե՛ հայ-չին-իրանական դարավոր բարեկամությունը»։