«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Պետք չէ ինքնախաբեության գիրկն ընկնել, դա է միշտ եղել մեր պրոբլեմների հիմնական պատճառը: Շատերի մոտ եմ տեսել բոցաշունչ գրառումներ առ այն, որ մենք մի ամբողջ 44 օր դիմացանք, իսկ Ուկրաինան՝ մի քանի ժամ, ինչը հիմնովին սխալ է` թե մեր, թե Ուկրաինայի առումով: Սա նաև ցույց է տալիս, որ պատերազմից մեկ ու կես տարի անց մեր հանրությունը գաղափար չունի՝ ինչ է տեղի ունեցել:
Մի կողմ դնենք փաստը, որ Արցախի ռելիեֆը, փոքր տարածությունը ու էշելոնավորված պաշտպանական գծերը անհամադրելի են ուկրաինականի հետ: Մենք պահում էինք մոտ 500 կմ-անոց շփման գիծ, որը ամբողջովին խրամատավորված էր և 30 տարի պատերազմական վիճակում էր: Ուկրաինայի շփման գիծը 5000 կմ է ու չունի նույնիսկ փշալար, ուր մնաց՝ խրամատներ: Տարբեր են նաև հարձակվող կողմերը. մի դեպքում մարտունակությամբ աշխարհի առաջատար բանակներից մեկն է, մյուս դեպքում՝ Ադրբեջանն էր...
Մեր և ուկրաինական պատերազմի միակ գործոնը, որով Ուկրաինան առավելություն ունի մեր նկատմամաբ, դա իրենց դաշնակիցներն են: Մեր դաշնակիցը մեզ չէր մատակարարում նույնիսկ այն ՀՕՊ միջոցները, որ դեռ Սերժ Սարգսյանն էր գնել, իսկ այն, ինչ մատակարարում էին, քիչ էր ու չէր աշխատում, մինչդեռ Ուկրաինան անդադար մատակարարվում է նորագույն միջոցներով ու աներևակայելի քաղաքական աջակցություն ունի, որը ծնկի բերեց ռուսական տնտեսությունը:
Այնուամենայնիվ, վստահ կարող եմ ասել, որ Ուկրաինան ավելի ամուր դրսևորեց իրեն, քան հայկական պետությունները, ու ցավը հենց սրանում է: Բոլոր խնդիրներով հանդերձ՝ մեր զինվորները իրենց փայլուն դրսևորեցին, ինչը չի կարելի ասել գեներալիտետի ու պետական վարչակազմի մասին: Ուկրաինան այստեղ է հաղթել. իրենց հաջողվեց բավարար չափով մաքրել համակարգը գործակալներից:
Ուկրաինան արդեն 7-րդ օրն է՝ մարտնչում է միջուկային գերտերության դեմ, բայց չկա գեթ մեկ նշանակալի քաղաք, որ հանձնված լինի այնպես, ինչպես Հադրութն է հանձնվել (Շուշիի մասին առհասարակ լռում եմ): Ես խիստ կասկածում եմ, որ Ուկրաինայի ԳՇ պետը 4-րդ օրը Զելենսկուն ասած լինի, որ պատերազմն պարտված է: Չեմ կարծում նաև, որ ուկրաինական գեներալները հիմա համոզում են Զելենսկուն՝ ստորագրել կապիտուլյացիան, թեպետ՝ նրանք շատ ավելի բարդ վիճակում են, քան մենք էինք:
Ավելին, ռուսների հետ բանակցությունների մեկնած ուկրաինացիք պահանջում են դուրս բերել ռուսական զորքերը Դոնբասից ու Ղրիմից: Մինչդեռ մեր գեներալները համոզում էին ստորագրել կապիտուլյացիան ու ստորագրելուց հետո սալյուտ էին խփում:
Չեմ տեսնում նաև ուկրաինական նշանակալի ընդդիմադիրներից գեթ մեկին, ով հիմա պաշարված Կիևում չէ, մինչդեռ մեր ընդդիմադիրները կորոնավիրուս էին ընկնում, որ Մոսկվա չգնան...
Կարծում եմ՝ այս ամենում գլխավոր գործոնն այն է, որ իրենց Յանուկովիչը փախել է Ուկրաինայից ու երբեք չի վերդառնա, իսկ մեր «Յանուկովիչը» ոչ միայն վերադարձել է, այլև, մի բան էլ, թիվ 1 «ընդդիմադիրն» է: Ու այն փաստը, որ մեր քաղաքական ու ռազմական ղեկավարությունը դավաճան սրիկաներ էին, չի ազատում մեր ազգին այդ սրիկաների համար պատասխանատվությունից:
Էնպես որ, մենք հպարտանալու բան չունենք: Ուկրաինան հաղթելու իրական շանսեր ունի, իսկ մենք պարտված էինք 1998-ից սկսած. անկախ նրանից՝ 44 օր կմարտնչեինք, թե` 400»։