Տեսակետ

Մշակույթին ծանոթ չեն, չեն էլ ուզում ծանոթանալ

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Որպեսզի ռազմական գործողությունները ճիշտ գնահատվեն, պետք է դրանք անպայման դիտարկել պատերազմի քաղաքական նպատակի կոնտեքստում: Առանց քաղաքական նպատակի՝ ռազմականն անիմաստ է: 
Ռուսների քաղաքական նպատակն այս պատերազմում այն էր, որպեսզի նրանք ի ցույց դնեն, որ Ուկրաինա իրականում չկա, որ դա կեղծ և արհեստական պետություն է ու մեծ Ռուսաստանի մաս, Ռուսաստանի «օկրաինա» (ծայրամաս): Որ ուկրաինական ինքնության կրողները մարգինալ փոքրամասնություն են՝ նացիստներ, բենդերովցիներ, և, մյուս կողմից, ծախված, «սորոսական» էլիտաներ: Իսկ Ուկրաինայի մեծ մասը ռուսներ են, ցարի ժամանակվա Մալոռոսիան՝ փոքր Ռուսաստանը: 
Պուտինի ելույթի մեծ մասը հենց այդ հիմնավորմանն էր նվիրված, ըստ էության: 
Որպեսզի այս նպատակն իրացվեր, ռուսներին պետք էր, որ իրենց զորքը, Ուկրաինա մտնելուն պես, գոնե Ուկրաինայի արևելքում ու հարավում, առանց լուրջ դիմադրության, տեղական բնակչության ողջույններով մտնեին բնակավայրեր: Բացի այդ՝ պետք էր արագ գործողությամբ մտնել Կիև, հռչակել նոր կառավարություն, որն անհրաժեշտ պայմանները կընդուներ: Եվ սրանով ներկայացնել ապագա կոնֆլիկտը, որպես ուկրաինական քաղաքացիական պատերազմ: 
Նաև հենց հանուն սրա՝ ռուսները չէին կարող ամբողջ ուժով հարվածել ուկրաինական քաղաքներին: Որովհետև աբսուրդ է, երբ դու հռչակում ես մի տարածքը ռուսական աշխարհի մաս, որի բնակչությունը գերի է մի խումբ նացիստների ու սորոսականների, ու հետո ինտենսիվ պատերազմ վարում դրա դեմ: 
Սա ռուսների համար քարոզչական տրյուկներ չեն, այլ աշխարհայացքի իրական տարրեր: 
Հայաստանում էդ բաները չեն հասկանում նույնիսկ ռուսասերները, որովհետև իրական ռուսական մտածողությանը, մշակույթին ծանոթ չեն, չեն էլ ուզում ծանոթանալ: 
Այս ամենի փոխարեն՝ ռուսները ստացան դասական պատերազմ երկու ազգային պետությունների միջև: Ուկրաինային հաջողվեց ստեղծել պատկեր, որտեղ ուկրաինացի ժողովուրդը, նույնիսկ՝ նրա ռուսալեզու հատվածը, չի ընդունում ռուսական աշխահի գաղափարը: Որքանով է այդ պատկերը համարժեք իրականությանը, իսկ որքանով՝ հաջողված քարոզչություն, այլ հարց է: Փաստն այն է, որ դա հաջողվել է ստեղծել: 
Ու այստեղ արդեն բուն ռազմական հաջողությունները, որոշ իմաստով, երկրորդական են դառնում: Կարելի է ևս մի քանի օր հրետակոծել Խարկովը, հավասարեցնել այն հողին, մտնել Կիև՝ նույն գնով, բայց, քաղաքական իմաստով, դա արդեն շատ քիչ արժեք կունենա: Որովհետև նպատակը՝ ապացուցել, որ Ուկրաինան Ռուսաստան է, արդեն ձախողվում է: 
Ես չեմ շտապում, դեռ շատ բան կարող է փոխվել, բայց այս պահին սա է: 
Խարկովի օրինակը հատկապես կարևոր է: 
Սահմանամերձ, ռուսալեզու, կարելի է ասել, ռուսական քաղաք, Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքը, ուր ռուսները պետք է մտնեին առաջին իսկ օրը, և, ըստ քարոզչության, մտել էին, բայց արդեն որերորդ փորձից չի հաջողվում գրավել: 
Ստիպված են արդեն անցնել քաղաքի ավերմանը, քաղաքային մարտերին, իսկ դա քանդում է ողջ քաղաքական-գաղափարական հիմնավորումը: 
Ու նորից շեշտեմ, թե ինչու եմ այսքան խորանում ուկրաինական թեմայով: Սա մեզ համար ֆուտբոլ չի, որ ամեն մեկս, մեր թիմին բալետ անելով, կայֆ ստանանք: Այս պատերազմն ուղիղ կապված է բոլորիս հետ: Դրա ցանկացած արդյունք մեզ համար նոր մարտահրավերներ է առաջ բերելու: Դրա համար հիմա ժամանակը չի ռուսամետ-արևմտամետ խաղալու, չար Պուտին կամ սատանա Ամերիկա անիծելու: Մեզ պետք է հնարավորինս սթափ հետևել վիճակին ու հասկանալ, թե իրապես ինչ է կատարվում»: