Տեսակետ

Ռուսական տիեզերագնացության ավարտը

Տիեզերագնացության ոլորտի ռուս գրող և բլոգեր Վիտալի Եգորովը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուսական նավի՝ Կիև ժամանելու» տիեզերական հետևանքները՝ այսօրվա դրությամբ
Մեր տիեզերագնացության կոմերցիոն հեռանկարին համաշխարհային շուկայում՝ վերջ։ Դե յուրե 11 ամսում, դե ֆակտո՝ երեկվանից։ Ռուսական մասնավոր հաջողված հրթիռները դեռ երկար ժամանակ չեն լինի։
Եվրոպայի հետ համագործակցությանը՝ Կուրուից մեր «Союз-СТ» հրթիռների արձակման հարցում, վերջացած է: Եվ այն էլ՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Սրանք մեր պատասխան պատժամիջոցներն են Եվրոպայի դեմ։ Փաստացի, այս տարվա համար մնաց մեկ մեկնարկ, բայց հնարավորություն կար՝ երկարաձգել պայմանագիրը ևս մի քանի տարով՝ եվրոպական Ariane 6-ի մշակման ձգձգումների պատճառով: Դրան էլ՝ վերջ։ 
NASA-ի հետ համագործակցությունը Venera-D ավտոմատ միջմոլորակային կայանի վրա՝ ևս վերջացած է։ Եվ կրկին՝ մեր կողմից։ Կայանն ինքնին հնարավոր է և կլինի, եթե 2025թ․ բյուջեն դրա համար գումար գտնի։
Թայվանական էլեկտրոնիկան գրեթե բոլոր արբանյակների վրա է: Առանց դրա՝ ամեն ինչ պետք է վերանայվի, և սրանք զարգացման տարիներ են ու, առնվազն, մեկ տրիլիոն ռուբլի հավելյալ ծախս։ 
Միջազգային տիեզերական կայանը և ExoMars-ը ինչ-որ հրաշքով են պահպանվում: Այն, որ այնտեղ տեխնիկապես հնարավոր չէ «ամուսնալուծվել», առայժմ օգնում է ISS-ին, սակայն Մասկն արդեն ակնարկել է, որ դա հնարավոր է, և ինքը պատրաստ է օգնել։ ՆԱՍԱ-ն մտածում է նրա առաջարկի մասին, չնայած նրանք արդեն ծրագրել են փորձարկում Cygnus տիեզերանավի վրա, որը նույնպես կարող է զգալիորեն արագացնել բաժանումը։
Cygnus-ն ինքն է թռչում ամերիկա-ռուս-ուկրաինական Antares հրթիռով: Այս համատեղ ծրագրին նույնպես՝ վերջ։
OneWeb-ի կողմից պատվիրված վեց գործարկումները նախատեսված էին 2022թ.: Առայժմ դրանց վերաբերյալ փոփոխություններ չեն հայտարարվել, հաջորդ մեկնարկը մեկ շաբաթից է, իսկ թե ինչ կլինի հետո, պարզ չէ։ Ընկերությունը կարող է զոհաբերել խմբավորման տեղակայման պայմանները՝ արևմտյան հաճախորդների հանդեպ հավատարմությունը պահպանելու համար:
Երեք օրվա ընթացքում մեր տիեզերագնացությունը 25 տարով հետ է շպրտվել։ Մեր տիեզերական տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության առևտրայնացման բոլոր ջանքերը չեղյալ են հայտարարվել:
P.S. Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես սա գրում, կարող էիր լռել։ Բոլոր նրանք, ովքեր թեմայի մեջ են, կլռեն։ Ուստի կխոսեմ ես»։