Տեսակետ

Այս պատերազմը Հայաստանի համար չունի լավ ելք

Այս պատերազմը Հայաստանի համար չունի լավ ելք

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Գուցե մի օր հայ հանրությունը կպարզի՝ Ուկրաինան վաճառե՞լ է ֆոսֆոր Ադրբեջանին, թե՞՝ ոչ: Կամ կքննարկի դարերով: Կասկած կա՞, որ Ուկրաինան մշտապես ունեցել է, այսպես ասած, «ադրբեջանամետ» դիրքորոշում: Ի՞նչ կապ ունի՝ ֆոսֆոր վաճառել է, թե՝ ոչ: Ուկրաինայի ռազմական դիտորդների խումբը, դեռևս թուրք-ադրբեջանական զորավարժությունից սկսած, եղել է Ադրբեջանում և հեռացել է միայն 44-օրյա պատերազմից հետո:
Կասկած կա՞, որ «ադրբեջանամետ» է եղել Ռուսաստանի քաղաքականությունն ու դիրքորոշումը, որը տարիներ շարունակ եղել է Ադրբեջան մահաբեր սպառազինության թիվ մեկ մատակարարը, ինչի մասին տասնյակ, գուցե հարյուրավոր հրապարակումներ եմ արել այն ժամանակ, երբ Հայաստանում այդ թեման՝ ընդհուպ օրվա ընդդիմության մակարդակով, հռչակված էր «մարգինալ»:
Հետևաբար, եթե «ադրբեջանամետությունը» փաստարկ է Ուկրաինայի դեմ, ապա պատկերացնել կարելի է, թե դա ինչ փաստարկ է Ռուսաստանի դեմ: 
Բայց պետք է վերջ տալ այդ չափումներին: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, իր բնույթով և խորքով արդեն իսկ համաշխարհային աղետ է:
Այս պատերազմը Հայաստանի համար չունի լավ ելք՝ ով էլ հաղթի: Եթե ձեզ թվում է, թե Ռուսաստանը Ուկրաինայում քանդվելու է այնքան, որ ի վիճակի չլինի մի համանման վնաս էլ հասցնել Հայաստանին, եթե համարի անհրաժեշտ, ապա սխալվում եք: Այո, Ռուսաստանը կարող է թուլանալ, բայց միայն ԱՄՆ և Չինաստանի հանդեպ, այլ ոչ՝ Հայաստանի: Էլ չասած՝ որ այդ թուլացումն էլ կարող է բերել Հայաստանի հանդեպ ավելի «ագրեսիվացման»: 
Իր ինքնիշխանության խնդիրներն արդյունավետ լուծելու համար Հայաստանին պետք է միջազգային, հնարավորինս տևական, կայուն միջավայր ու ժամանակ: Ցավոք, դա չկա, հեևւաբար, մենք պետք է առավելագույնն անենք՝ գոնե այդ իմաստով մեզանից կախվածն ապահովելու համար:
Հետեւաբար, էդ պարզունակ փաստարկների կամ դրանք «ջախջախելու» վրա պարզունակ ժամանակ վատնելու փոխարեն, Հայաստանի հանրային-քաղաքական միտքը պետք է առավելագույնս կենտրոնանա անմիջականորեն մեզ առնչվող խնդիրների «փափուկ» լուծումների շուրջ աշխատանքի վրա: 
Ինչպես ցանկացած պատերազմ, սա էլ դատապարտելի է՝ նախ մարդկային տեսանկյունից՝ այն սարսափ է, արյուն ու ավեր, եւ դրանից բացի նաեւ քաղաքական, տնտեսական, անվտանգության տեսանկյունից:
Հ.Գ. կրկնում եմ, ովքեր փնտրում են աշխարհաքաղաքական երկրպագության դաշտ, թող իրենց թանկ կամ պարապ ժամանակը չվատնեն այս պատին
»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական