Տեսակետ

Պատերազմի ձգձգման ամեն ժամ կտրուկ բարձրացնում է հնարավոր հաջողության գինը

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Այս պահին փաստն այն է, որ ռուսական գործողությունն Ուկրաինայում չի զարգանում այն տեմպով, այն ծավալով և այն հեշտությամբ, որով պատկերացվել ու պլանավորվել է ի սկզբանե: 
Դա ինքնին դեռ մեծ ողբերգություն չէ ռուսների համար, որովհետև ռազմական պլանավորումը երբեք ու ոչ մեկի մոտ կատարյալ չի լինում, բայց պատերազմի ձգձգման ամեն ժամը կտրուկ բարձրացնում է հնարավոր հաջողության գինը: 
Եթե շարունակվի այս կերպ, ապա իքս պահից (օրինակ մի քանի օրից, մի շաբաթից) ռազմական հաղթանակը (եթե հաղթանակ համարվի, օրինակ, Կիևի գրավումը) այլևս չի կարողանա փոխհատուցել քաղաքական կորուստները: 
ուկրիանական ԶՈՒ-ն կազմալուծված չէ, գրեթե որևէ խոշոր բնակավայր այդպես էլ վերցված չէ (Խարկով, Չերնիգով, Սումի, Մարիուպոլ), որոշները «վերցվում են», հետո պարզվում է չեն վերցվել՝ Խերսոն, Մելիտոպոլ, կամ անորոշ է վիճակը: 
Կիևի գործողությունը ձգվում է, արագ արդյունքներ չկան: 
Միակ շոշափելին Գոստոմիլ աէրոդրոմի վերահսկողությունն է: 
Կիևի գործողության մասին Ռուսաստանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ, կարծես, ընդհանրապես բան չկար, չնայած ամբողջ աշխարհը գիտի, որ Կիևի արվարձաններում մարտեր են: Նշանակում է՝ դեռ չկա ասելու: 
Կիևի սպասվող գրավման փոխարեն՝ այսօր՝ առավոտը պաշտոնապես հայտարարեցին Մելիտոպոլի գրավման մասին: Իբր առանց մարտերի, չնայած նույնիսկ ռուս պրոպագանդիստները ինտերնետում հաստատում են, որ մարտեր եղել են: 
Ինչի եմ այսքան խորանում: Շատ կարևոր է այս իրավիճակում՝ քարոզչական ծխի մեջ, փորձել իրական պատկերը տեսնել, ու հետևություններ անել՝ առանց գլուխը կորցնելու ու զգացական մոտեցումների: 
Հ.Գ. Թերևս այսօր չհասցնեմ մեկնաբանությունները մանրամասն նայել»։