«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Բոլոր տեսակի հարաբերություններում՝ սովորականից մինչև սպորտ ու պատերազմ, հակառակ կողմին թերագնահատելը բերում է վատ հետևանքների հենց թերագնահատողի համար։
Ռուս-ուկրաինական պատերազմում չպետք է թերագնահատել ռուսական բանակի հնարավորությունները, բայց ռուսական կողմը թերագնահատեց ուկրաինացիներին ու արեց մեծ թվով սխալներ. առաջին օրվա բլից-կրիգից հետո մտածեցին, որ կարող են առանց անհանգստանալու պատերազմը հասցնել ավարտին, բայց տեղի ունեցավ հակառակը. գրեթե ամենուր, չհաշված մի քանի ուղղություններ, ռուսները հանդիպում են ծանր հակահարվածների։
Այս պատերազմում, եթե անգամ ռազմական հաջողությունները ռուսներինը լինեն, որին խիստ կասկածում եմ, մեծ հաշվով պատերազմն իր մյուս իմաստներով ի սկզբանե տանուլ է տվել Կրեմլը։ Այս տողերը կգրեի ավելի հանգիստ, եթե Հայաստանն ազատված լիներ ռուսական կախվածությունից, եթե մեր հայրենակիցներից շատերն իրենց օրվա հացը չվաստակեին ռուսական կամ ուկրաինական խոպաններում։ Իսկ մեծ հաշվով, մեզ համար վտանգները դեռ չեն ավարտվել, կամ նոր են սկսվում։
Հայաստանի իշխանությունը պետք է պահի իր ակտիվ չեզոքությունը։ Շատ լավ ժամանակ է Արևմուտքի, արաբական աշխարհի, Հնդկաստանի և Չինաստանի, մեր հարևաններ՝ Վրաստանի և Իրանի հետ ակտիվ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման և որոշների հետ երկկողմանի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ հաստատելու համար։ Այս մասին երեկ հանդիպման ընթացքում ասել եմ նաև Փաշինյանին։
Աշխարհն այլևս նույնը չէ, և մենք չպետք է լուռ սպասենք, թե ինչ կլինի մեզ հետ։ Կամ ինքնիշխան ենք, կամ՝ չկանք։ Նահանջի տեղ չունենք. թիկունքում Սահմանադրությունն է։ Անկախ Հայաստանն այլընտրանք չունի»։