Տեսակետ

Ամենքն իր շահն է պաշտպանում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Թե բա «տեսա՞ք՝ ոնց Արևմուտքը խաբեց Ուկրաինային»։
Այսպես ասողները, հավանաբար, իրենք իրենց են համոզել, որ Արևմուտքը պիտի գար, կռվեր Ուկրաինայի ժողովրդի փոխարեն։ Ես, օրինակ, չեմ հիշում նման խոստում։
Ոնց նայում եմ՝ ինչ խոստացել են, այն էլ անում են։ Շատ եք համարում, թե՝ քիչ, ուրիշ հարց է։ Բայց ժամանակն է իմանալ, որ ամենքն իր շահն է պաշտպանում։ Ինչ-որ բան զոհաբերում են՝ ընդհանուր շահի համար։ Օրինակ, տնտեսական պատժամիջոցները երկսայրի են, կիրառողներն էլ են տուժում, բնականաբար։
Արևմուտք ասածը, որ հիմա ոմանց աչքի գրողն է, հսկայական ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային, նման դեպքերում միշտ էլ կարելի է ասել՝ քիչ է։ Ու ասում են՝ «խաբեց Զելենսկուն»։ Ինչո՞ւ Հայաստանին չօգնեց այդպես։ Ասե՞մ, թե՞ կհիշեք՝ ով էր Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, որ Ադրբեջանին այնքան զենք էր ծախում, որքան մեր երկու տարվա բյուջեն էր։ Հայաստանի իշխանությունները իրենց ճամփան էին բռնել, Ուկրաինայի իշխանություններն՝ իրենց։ Ու, կարծես, ոչ մերոնք են դժգոհ, ոչ էլ Ուկրաինայի իշխանությունները։
Խնդրում եմ՝ Ուկրաինային Արևմուտքի խոստումներին սեփական ակնկալիքները չվերագրել ու հառաչել, եթե քարոզի պատվերի կատարման մեջ չեք։ Նույն կերպ՝ կարող եք հառաչել, որ լոտոյով ավտո չեք շահել, թեպետ երազում հստակ տեսել էիք և շահումը, և մոդելը, և տեխզննման կտրոնը»։