Հրապարակախոս Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Զուգահեռ իրականությունների աշխարհ, երբ ամերիկացի բիզնես-մագնատ, ներդրող, ճարտարագետ և գյուտարար Իլոն Մասկը ձգտում է Մարսի վրա մարդկային գաղութ հիմնել, իսկ այդ նույն ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վ.Պուտինը ցանկանում է նվաճել ու հպատակեցնել հարևան ժողովուրդներին։
Վերջին ժամանակներում, ռուսական կողմի ծավալապաշտական նկրտումներից ելնելով, շատերը խոսում են այն մասին, որ սկսվել է նոր աշխարհակարգի ձևավորման պրոցես, բայց իրականությունն այն է, որ այսօր աշխարհում կան անհատներ, որ, երկարաժամկետ առումով, շատ ավելի մեծ գլոբալ քաղաքական ազդեցություն կարող են ձևավորել, քան մինչև ականջների ծայրը զինված մի շարք երկրներ։
Նման պատկերացումներով՝ Պուտինը ի՞նչ կարող է տալ աշխարհին, երբ աշխարհում կան 200-ից ավելի սուվերեն երկիր։ Այսինքն, վերջին 70 տարում ձևավորված աշխարհակարգը բազմաթիվ ազգերի տվել է ինքնորոշում, հարաբերական խաղաղ զարգացման հնարավորություններ, կրթվելու, ազատ տեղաշարժվելու հնարավորություն, և այսպես շարունակ։
Այո, գլոբալ առումով՝ աշխարհում կան բազմաթիվ բացասական երևույթներ, մշակութային ընկալումների խեղաթյուրում, հանցավոր ենթամշակույթների առկայություն, կլիմայական ու առողջապահական խնդիրներ, բայց այդ ամենի դեմ ոչ թե պետք է պայքարել 19-րդ դարի մեծապետական պատկերացումներով, այլ այն գիտակցումով, թե ի՞նչ կարող ես տալ 21-րդ դարում ապրող ժողովուրդներին։
Այնպես որ, աշխարհակարգ ասվածը շատ խորքային երևույթ է, և աշխարհի հետագա ընթացքի մասին չի կարելի շրջանառության մեջ դնել այնպիսի տեքստեր, որը մարդկանց մոտ կառաջացնի ապոկալիպտիկ տրամադրություններ»։