Քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները հերթական անգամ փաստում են, որ այնտեղ Ռուսաստանը ճիշտ չեն ընկալում։ Ոչ թե իրենց արշինով են չափում, այլ թացն ու փափուկն են իրար խառնում։ Պատժամիջոցներն, ինչպես նախկինում, հիմա էլ ուղղված են Պուտինի քաղաքական որոշումներին աջակցողների դեմ։ Տրամաբանությունն այն է, որ Պուտինին հենց իր շրջապատի կողմից Կրեմլից դուրս շպրտելու նախադրյալներ ստեղծվեն։ Սակայն, դա ինչո՞ւ պետք է հուզի Պուտինին՝ մարդու, որը կայացնում է այդ որոշումները։ Նա երկիրը կառավարում է արդեն մի ամբողջ կյանք։ Քաղաքական ողջ դաշտը հարմարեցված է կոնյուկտուրային, որտեղ ոչ թե կարող ուժեր չկան, այլ յուրաքանչյուր նման ուժ ոչ պակաս ուժեղ հակակշիռ ունի։ Որպեսզի վերջին իրադարձությունների հետ կապված կոնսենսուսը ոչ մեկի մոտ կասկած չհարուցի և տարբեր ավանտյուրաների չմղի, նա ցուցադրեց ՌԴ անվտանգության խորհրդի նիստը։ Ընդ որում, դա ամենևին էլ փխրուն հավասարակշռություն չի, այլ տասնամյակներով ու դարերով ձևավորված ստատուս-քվո, որը խախտելու ցանկացած հաջողված փորձ բերում է անիմաստ դաժանությամբ աղետալի հետևանքների։ Ընդ որում, դրա հետ կարելի էր հաշտվել, եթե հարցը միայն Ռուսաստանին վերաբերեր։ Անցած անգամ՝ նախորդ դարի սկզբում, Արևմուտքի՝ նման միջամտությունը փոխեց ողջ աշխարհը, և նույնիսկ այսօրվա կոնֆլիկտը կարելի է դրա նախերգանքը համարել։
Պուտինը պետության ղեկին է 22 տարի։ Նրա քաղաքական հակառակորդները հիմնականում ենթարկվել են կոնյուկտուրային, իսկ նրանց, որոնք դուրս են մնացել պետական կառավարման համակարգից, ատոմային ռումբի կոճակը չեն վստահի հենց նույն Արևմուտքում. աշխարհը վերջերս շատ է տեսել նման կամիկաձեների աղետալի գործունեությունը։ Հետևաբար, Պուտինին փոխարինողը, ըստ Արևմուտքի, պետք է նրա թիմից մեկը լինի։ Իսկ ինչո՞վ է նա տարբերվելու Պուտինից։ Կրկին պետք է հղում անել Ռուսաստանի պատմությանը։ Նրանց, որոնք նվազ կոշտ քաղաքականություն են վարել, քան, ասենք, Պուտինը, ուղղակի ականջներից քաշելով Կրեմլից դուրս են շպրտել։ Օրինակնե՞ր՝ Ալեքսանդր 2-րդ, Պյոտր 3-րդ, Նիկոլայ 2-րդ, Նիկիտա Խրուշչով, Միխայիլ Գորբաչով, ինչ-որ առումով՝ Բորիս Ելցին։ Ռուսաստանում առանց մի քանի հզոր շրջանակների կայուն կոնսենսուսի՝ հնարավոր չէ ղեկավարել, իսկ թույլ կամ չափազանց լիբերալ ղեկավարի անձը նման կոնսենսուսի առարկա դառնալ չի կարող։ Նայեք Ռուսաստանի վերջին 400 տարվա պատմությունը։ Դարավոր ավանդույթ է, որ նոր եկածներն անպայման սկզբում իրենց ձեռքերն արյան մեջ են թաթախում ու նոր անցնում կառավարման գործին՝ որքան կյանքը կհերիքի։ Այս առումով՝ որպես Ռուսաստանի ղեկավար Արևմուտքը կունենա ոչ թե ռուսական այլ քաղաքականություն, այլ Պուտինի վատ տարբերակը։ Իրավիճակի ողջ զավեշտն այն է, որ հենց Արևմուտքը Պուտինից լավ դաշնակից դժվար թե գտնի։ Երևի դրա համար էլ մինչև հիմա այդ աթոռին է, ու իր նկատմամբ ոչ մի պատժամիջոց չկա»։