Տեսակետ

Այսպիսի պայմանավորվածությունները նաև ետադարձ ուժ են ունենում

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ռուս-ադրբեջանական 2022թ. հռչակագրի հոդված 11. «Ռուսաստանը և Ադրբեջանը վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ»։  
Այս հոդվածով Ռուսաստանի որևէ քաղաքացի չի կարող խոսել առկա սահմաններով Ադրբեջանի տարածքային ամբողջականության կասկածելիության մասին: Խոսելը կարող է դիտարկվել որպես «գործունեություն»: Այս ձևակերպումը նույնիսկ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի համապատասխան հոդվածներից է մի քայլ «առաջ». Մոսկվայի և Կարսի պայմանագրերում խոսվում է խմբի, ոչ թե անձի մասին։

1921թ. մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր, հոդված 8. «Երկու կողմերը պարտավորվում են իրենց տարածքում թույլ չտալ մյուս երկրի կառավարության դերին կամ նրա տարածքի մի մասին հավակնող կազմակերպության կամ խմբի ձևավորում կամ առկայություն, ինչպես նաև՝ մյուս երկրի դեմ պայքարելու նպատակ ունեցող խմբի առկայություն: Ռուսաստանը և Թուրքիան, փոխադարձության պայմանով, այս պարտավորությունն ստանձնում են նաև Կովկասի Խորհրդային հանրապետությունների նկատմամբ: Սույն հոդվածում կիշատակվող թուրքական տարածքը այն տարածքն է, որը գտնվում է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի Կառավարության անմիջական ռազմաքաղաքացիական կառավարման տակ»:

1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիր, Հոդված 10. «Կողմերը պարտավորություն են ստանձնում՝ իրենց տարածքներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի կամ նրա տարածքի մի մասի կառավարման դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև՝ պարտավորվում են իրենց տարածքներում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Սույն հոդվածում հիշատակված թուրքական տարածքի տակ հասկացվում է այն տարածքը, որը գտնվում է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի կառավարության զինվորական և  քաղաքացիական անմիջական իրավասության ներքո»:

ԽՍՀՄ-ում իրենց հայրենիքից փախստական արևմտահայերը Արևմտյան Հայաստանն իրենց հայրենիքը համարելու պարագայում կարող էին դիտարկվել որպես «Թուրքիայի տարածքի մի մասին հավակնող կազմակերպություն կամ խումբ» : ԽՍՀՄ-ում հազարավոր արևմտահայեր են պատժի ենթարկվել՝ ազատազրկվել, աքսորվել, գնդակահարվել իրենք լքյալ հայրենիքի մասին խոսքով «հիշելու», առավել ևս՝ վերադառնալու մտադրությունների համար: Մինչդեռ արևմտահայերը Մոսկվայի և Կարսի պայմանագրերը համարում էին 25 տարվա ժամկետով կնքված պայմանագրեր և համոզված էին, որ 25 տարի հետո կարող են վերադառնալ հայրենիք: Հատկապես Հայաստանում ապրող արևմտահայերը դիտարկվել են որպես «Թուրքիայի տարածքի մի մասին հավակնող կազմակերպություն կամ խումբ» և, հատկապես սահմանամերձ գոտում հաստատվածները, պարբերաբար  ենթարկվել են պատժամիջոցների՝ «ԽՍՀՄ սահմանները կասկածելի տարրերից մաքրելու» ծրագրերի շրջանակներում: Հայրենիքի և անձի անհատական, սոցիալական և կոլեկտիվ հիշողության ձևավորումը ԽՍՀՄ-ում (նաև՝ Խորհրդային Հայաստանում) և Թուրքիայում վերահսկելի քաղաքական ծրագիր էր:  Հիմա այդ քաղաքականության ժառանգորդները նաև Ադրբեջանը և ՌԴ-ն են: Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ այս կարգի պայմանավորվածությունները պրակտիկայում նաև ետադարձ ուժ են ունենում: Հայաստանում 1930-ական թթ. մարդիկ են մեղադրվել  «Թուրքիայում հայ-թուրքական կռիվներին մասնակցելու համար». հայերի կոտորածները ԿԳԲ-ի մեղադրական փաստաղթերում ձևակերպվել են որպես «հայ-թուրքական կռիվներ»: Թվում է՝ մոտ են այն ժամանակները, երբ Սումգայիթի և Բաքվի հայկական կոտորածներից փրկված փախստականները պատժվելու են «հայ-ադրբեջանական կռիվներին մասնակցության» մեղադրանքով»: